Հայաստանում առանձնահատուկ զգացումով են հիշում Էդուարդ Բալադյուրի հայկական արմատները․ Փաշինյանը ցավակցել է Մակրոնին
2 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ նախկին վարչապետ Էդուարդ Բալադյուրի մահվան կապակցությամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած ցավակցական հեռագրում, մասնավորապես, նշված է.
«Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել,
Խոր ցավով տեղեկացա Ֆրանսիայի նախկին վարչապետ պարոն Էդուարդ Բալադյուրի մահվան մասին։
Էդուարդ Բալադյուրը Ֆրանսիայի նորագույն պատմության նշանավոր պետական և քաղաքական գործիչներից էր, ով իր երկարամյա գործունեության ընթացքում զբաղեցրել է պետական բարձր պաշտոններ, այդ թվում՝ ստանձնել Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը երկրի համար կարևոր ժամանակաշրջանում՝ իր ներդրումն ունենալով Ֆրանսիայի քաղաքական և տնտեսական կյանքի զարգացման գործում։
Հայաստանում առանձնահատուկ զգացումով ենք հիշում նաև Էդուարդ Բալադյուրի հայկական արմատները, որոնք նրա կյանքի պատմությունը կապում էին հայ ժողովրդի հետ։
Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի ժողովրդի անունից խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, ինչպես նաև հանգուցյալի ընտանիքին և մերձավորներին՝ մաղթելով տոկունություն այս ծանր կորստի պահին»։