Իրան

Թրամփը հայտարարել է Իրանի Խարգ կղզուն ուժգին հարվածների մասին՝ տնտեսական ճնշման ուժեղացման ֆոնին

3 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է Իրանի Խարգ կղզուն ուժգին հարվածների մասին՝ տնտեսական ճնշման ուժեղացման ֆոնին

ԱՄՆ զինված ուժերը ծանր հարվածներ է հասցնում իրանական Խարգ կղզուն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Truth Social հարթակում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Խարգ կղզին փշուր-փշուր է արվում», - հայտարարել է Թրամփն՝ այլ մանրամասներ չներկայացնելով։

Նա իր գրառմանը կցել է հարվածների տեսանյութ՝ ստեղծված արհեստական բանականության կողմից։

Նախքան վեց ամիս առաջ պատերազմի սկսվելը Խարգ կղզով էր անցնում իրանական նավթի արտահանման 90%-ը։ Կղզուն հարվածներն, ըստ Reuters-ի, կարող են մեծապես խաթարել էներգակիրների առևտուրը և հսկայական ճնշում գործադրել Իրանի տնտեսության վրա։

Օգոստոսի 30-ի ուշ երեկոյան ԱՄՆ-ն Խարգից 660 կմ հեռավորության վրա գտնվող Լարակ կղզում հարվածել էր հրթիռների արձակման կայանքների։ Իրանական կողմը հայտնել է զոհերի և վիրավորների մասին։ Թեհրանն էլ ի պատասխան թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազաները։ Կողմերի միջև այս հարվածներն առաջինն են վերջին մեկ ամսվա ընթացքում։

Ռազմական գործողություներին վերադարձը տեղի է ունենում ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա տնտեսական ճնշումն ուժեղացնելու ֆոնին։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն օգոստոսի 30-ին Reuters-ի հայտնել է, որ Իրանի վրա ճնշում գործադրելու նպատակով ամեն շաբաթ, հավանաբար, կհրապարակվեն նոր երկրորդային պատժամիջոցներ, որոնք առաջին հերթին կկենտրոնանան բանկերի վրա։

«Մենք սկսում ենք բանկերից և ասում ենք բանկերին, որ իրանական փող ունենալը և ռեժիմին օգնելն ընդունելի չէ», - հարցազրույցում ասել է Բեսենթը։

Օգոստոսի 28-ին ԱՄՆ-ն միջոցներ է կիրառել Եգիպտոսի Banque Misr բանկի Արաբական Միացյալ Էմիրությունների մասնաճյուղերի նկատմամբ՝ Իրանի հետ ենթադրյալ ֆինանսական կապերի համար։ Բեսենթն ասել է, որ հաջորդ քայլը կարող է լինել հաստատության ամբողջական անջատումը դոլարի վրա հիմնված ֆինանսական համակարգից։

«Դուք ամեն շաբաթ կտեսնեք ավելի շատ նման միջոցներ», - ասել է Բեսենթը Reuters-ին Մեծ քսանյակի ֆինանսների նախարարների հանդիպումից առաջ։

Օգոստոսի 24-ից ԱՄՆ հայտարարել է Իրանի դեմ տնտեսական ճնշման և պատժամիջոցների ռեժիմի խստացման մասին, նաև երկրորդային պատժամիջոցներով է սպառնացել այն երկրներին, որոնք կհրաժարվեն հետևել ԱՄՆ սահմանափակումներին:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում