ՀՀ անկախության 35-ամյակի միջոցառումների կազմակերպման համար Կառավարությունն ավելի քան 1.3 միլիարդ դրամ է հատկացրել
5 րոպեի ընթերցում
Հայաստանի անկախության 35-ամյա տարեդարձին նվիրված միջոցառումներ կանցկացվեն Հայաստանի տարբեր բնակավայրերում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարությունն այդ միջոցառումների կազմակերպման համար ավելի քան 1.3 միլիարդ դրամ հատկացնելու որոշում կայացրեց։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ կառավարության օգոստոսի 27-ի նիստում ներկայացրեց, թե ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված ինչ միջոցառումներ են նախատեսվում։
ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2026 թվականին լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակը՝ ազգային նշանակության կարևորագույն տարեդարձներից մեկը, որը խորհրդանշում է հայ ժողովրդի ինքնիշխանության, պետականության և անկախ ապրելու կամքի հաստատումը։ Հոբելյանական տարեդարձի կապակցությամբ 2026 թվականի սեպտեմբերի ամսին նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան նվիրված միջոցառումների շարք։
«Միջոցառումների նպատակն է պատշաճ կերպով արժևորել և հանրայնացնել Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյա ճանապարհը, ընդգծել անկախ պետականության ձեռքբերումների կարևորությունը և հանրությանը ներկայացնել մշակութային բարձրարժեք միջոցառումներ։ Այս նպատակով «Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն», «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ», «Հայաստանի էստրադային ջազ նվագախումբ» և «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ների, ինչպես նաև «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ի կողմից Երևան քաղաքում և Հայաստանի Հանրապետության մարզերում նախատեսվում է իրականացնել մի շարք մշակութային և համերգային միջոցառումներ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյա հոբելյանին»,- նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարարը։
Միջոցառումների շրջանակում նախատեսվում է անդրադառնալ Հայաստանի անկախության ձեռքբերման պատմական նշանակությանը, անկախ Հայաստանի Հանրապետության անցած 35-ամյա ուղուն, արձանագրված ձեռքբերումներին և զարգացման հեռանկարներին, ինչպես նաև ընդգծել պետականության պահպանման, ամրապնդման և հետագա զարգացման կարևորությունը։
Ժաննա Անդրեասյանը մանրամասնեց, որ Կապանում կանցկացվի «Անկախության օրը Կապանում» խորագրով համերգ, որին կմասնակցեն «Լավ էլի», «Ռեինկարնացիա» և «Նեմրա» երաժշտական խմբերը։ Միջոցառմանը նախատեսվում է իրականացնել 2026 թվականի սեպտեմբերի 19-ին՝ շուրջ 10 000-12 000 հանդիսատեսի ներկայությամբ։
Վանաձորում կանցկացվի «Սիմֆոնիկ Ռոք» համերգ Վանաձորում» նախագիծը, որին կմասնակցի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարմամբ: Միջոցառումը նախատեսվում է անցկացնել 2026 թվականի սեպտեմբերի 18-ին Վանաձորում՝ շուրջ 4000-5000 հանդիսատեսի ներկայությամբ։
Գյումրիում տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին, որը նախատեսվում է անցկացնել շուրջ 7 000 հանդիսատեսի ներկայությամբ։
Իջևանում տեղի կունենա «Անկախության ռիթմը Իջևանում» համերգը, որը նախատեսվում է անցկացնել 2026 թվականի սեպտեմբերի 21-ին Իջևան քաղաքի կենտրոնական (Շատրվանների) հրապարակում՝ շուրջ 3 000 հանդիսատեսի ներկայությամբ։
Երևանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված բացօթյա տոնական համերգ, որը բաղկացած կլինի երկու հիմնական մասից՝ պատմամշակութային ներկայացումից և Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակին նվիրված համերգային ծրագրից։
Պատմամշակութային ներկայացման հիմքում դրված է «Հազարան բլբուլ» հեքիաթի և առասպելի մոտիվների վրա հիմնված կոնցեպտը։ Համերգային ծրագրում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության ճանաչված և սիրված արտիստների, երաժշտական խմբերի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի մասնակցությունը, այդ թվում՝ Թաթա Սիմոնյանի, Արման Հովհաննիսյանի, Իվետա Մուկուչյանի, Լիպարիտ Ավետիսյանի, Գևորգ Հակոբյանի, Արամ MP3-ի, «Կարեն-Սևակ Բենդ»-ի և այլ կատարողների մասնակցությամբ։ Միջոցառումը նախատեսվում է անցկացնել Երևանի Հանրապետության հրապարակում 2026 թվականի սեպտեմբերի 21-ին՝ շուրջ 40 000 հանդիսատեսի ներկայությամբ։