Եվրոպա

ԵՄ-ն ևս 6,1 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինայի պաշտպանության համար

3 րոպեի ընթերցում

ԵՄ-ն ևս 6,1 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինայի պաշտպանության համար

Եվրոպական միությունը հաստատել է Ուկրաինայի պաշտպանության ոլորտի հաջորդ՝ 6,1 միլիարդ եվրոյի ֆինանսավորման փաթեթը՝ սպառազինությունների ձեռքբերման համար` որպես ԵՄ-ի 90 միլիարդ եվրոյի վարկային ծրագրի մի մաս։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին օգոստոսի 24-ին հայտարարություն է տարածել Եվրահանձնաժողովը։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարության մեջ նշել է, որ պաշտպանական ֆինանսավորումն ուղղվելու է Կիևին հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգեր, հրթիռներ, զինամթերք և ռադարներ տրամադրելուն։

«Ուկրաինայի Անկախության օրը Եվրոպան ցույց է տալիս, որ մեր աջակցությունն անսասան է։ Այսօր մենք հաստատել ենք 6,1 միլիարդ եվրոյի ֆինանսավորում հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի, հրթիռների, զինամթերքի և ռադարների համար, որոնց կարիքը Ուկրաինան անհապաղ ունի։

Քանի որ Ռուսաստանն ուժեղացնում է իր հարձակումները, մենք ակտիվացնում ենք մեր աջակցությունը՝ օգնելու Ուկրաինային պաշտպանել իր ժողովրդին և իր երկինքը։ Եվրոպան կանգնած է Ուկրաինայի կողքին, և մենք կտրամադրենք այն, ինչ նրան անհրաժեշտ է, երբ դրա կարիքը լինի»,- ասել է նա։

ԵՄ պաշտպանության հարցերով հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը նշել է, որ Ռուսաստանի «անդադար» սպառնալիքների պայմաններում ԵՄ-ն կոնկրետ քայլեր է ձեռնարկում Ուկրաինային աջակցելու համար։

«Մենք հնարավորություն ենք տալիս Ուկրաինային ձեռք բերել հրթիռներ և հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք նրան անհրաժեշտ են իր ժողովրդին պաշտպանելու և ինքնիշխանությունը պահպանելու համար»,- ասել է նա։

Եվրահանձնաժողովի տվյալներով՝ գնումների մեծ մասը կիրականացվի եվրոպական պաշտպանական ընկերություններից՝ հատուկ ուշադրություն դարձնելով կրակային հզորությանը։

Ուկրաինայի վարչապետ Սերգի Կորեցկին X հարթակում հրապարակմամբ ողջունել է հայտարարությունը. «Մեր Անկախության օրը Եվրոպայի աջակցությունը վերածվում է այն կարողություններին, որոնք Ուկրաինային անհապաղ անհրաժեշտ են՝ մեր ժողովրդին և մեր երկինքը պաշտպանելու համար։ Շնորհակալություն, նախագահ ֆոն դեր Լայեն, 6,1 միլիարդ եվրոյի մասին որոշման համար»։

Նշենք, որ օգոստոսի 24-ին Ուկրաինան նշում է Անկախության օրը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում