ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում Java ծրագրավորման փորձառու մասնագետների
2 րոպեի ընթերցում

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հրավիրում է աշխատանքի Java ծրագրավորման փորձառու մասնագետների։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ լրատվական ծառայությունից, ներկայացվող հիմնական պահանջներն են՝
- բարձրագույն կրթություն՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգչային գիտությունների, ծրագրավորման կամ հարակից մասնագիտություններով,
- Java ծրագրավորման ոլորտում առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
- Java ծրագրավորման լեզվի և օբյեկտակողմ ծրագրավորման (OOP) սկզբունքների խորքային իմացություն,
- Java-ի հիմնական տեխնոլոգիաների և ծրագրային ճարտարապետության վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
- տվյալների բազաների, SQL-ի, REST API-ների և ծրագրային համակարգերի ինտեգրման վերաբերյալ գիտելիքներ,
- Git-ի և ծրագրային մշակման ժամանակակից գործիքների օգտագործման հմտություններ,
- հայերենի գերազանց և առնվազն մեկ օտար լեզվի (անգլերենը նախընտրելի է) լավ իմացություն,
- վերլուծական և տրամաբանական մտածողություն, խնդիրների լուծման կարողություն, բարձր պատասխանատվության զգացում, նախաձեռնողականություն և թիմային աշխատանքի կարողություն,
- տարիքը՝ մինչև 40 տարեկան։
Դիմելու կարգը
Դիմումների ընդունման ժամկետը՝ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ը։
Դիմել կարող են՝
- [email protected] էլ. փոստով՝ կցելով դիմումը, ինքնակենսագրականը (CV) և կրթությունն ու մասնագիտական փորձը հավաստող համապատասխան փաստաթղթերը
- ք. Երևան, Նալբանդյան 104՝ փաստաթղթերը ներկայացնելով առձեռն կամ փոստով
«Եթե ունեք համապատասխան մասնագիտական կրթություն, Java ծրագրավորման ոլորտում աշխատանքային փորձ և ցանկանում եք Ձեր գիտելիքներն ու փորձառությունը ներդնել պետական նշանակության ծրագրերի և տեղեկատվական համակարգերի մշակման ու զարգացման գործում, ապա կարող եք դիմել հետագա աշխատանքի և համագործակցության հնարավորությունները դիտարկելու նպատակով»,-նշված է ԱԱԾ հայտարարության մեջ։