Տնտեսություն

Կառավարությունն արտահանող տնտեսավարողներին փոխհատուցումների համար կհատկացնի ավելի քան 5.3 մլրդ դրամ

3 րոպեի ընթերցում

Կառավարությունն արտահանող տնտեսավարողներին փոխհատուցումների համար կհատկացնի ավելի քան 5.3 մլրդ դրամ

Կառավարությունը 2026 թվականի հուլիսին արտահանում իրականացրած տնտեսավարողներին տրամադրվող փոխհատուցման ենթակա պարտավորությունների կատարման նպատակով Էկոնոմիկայի նախարարությանը կհատկացնի 5 մլրդ 365 մլն 640 հազար դրամ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության հերթական նիստում Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արման Խոջոյանը ներկայացրեց հուլիսին արտահանված գյուղատնտեսական արտադրանքի ծավալները։

Մասնավորապես, հուլիսին արտահանվել է շուրջ 200 տոննա ելակ, 1250 տոննա լոլիկ, 367 տոննա չերրի տեսակի լոլիկ, 2325 տոննա պղպեղ, շուրջ 7000 տոննա ծիրան, 430 տոննա սալոր, 1715 տոննա կեռաս, 1645 տոննա դեղձ կամ նեկտարին, ինչպես նաև 3.1 մլն հատ ծաղիկ

Խոջոյանի խոսքով՝ վերջին երկու ամիսների ընթացքում հայկական ծաղիկներն արտահանվել են 26 երկիր, միրգը՝ 21, իսկ բանջարեղենը՝ 14 երկիր։

Անդրադառնալով արտահանման խթանման քաղաքականությանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արդեն մի քանի տարի խնդիր է դրվել, որպեսզի Հայաստանի դեսպանությունների գործունեությունը գնահատվի նաև տվյալ երկրի հետ Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունների ծավալով։

«Արդեն քանի տարի է՝ ես խնդիր էի դրել մեր դեսպանատների և ԱԳՆ-ի առաջ, որ դեսպանատան գործունեությունը պետք է գնահատվի, այդ թվում՝ տվյալ երկրի հետ մեր առևտրատնտեսական հարաբերությունների ծավալով, բայց այդ ֆունկցիայի բաշխումը չի թողնում, որ կարողանաս գնահատել աշխատանքը»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Արտաքին գործերի նախարարության անվանումը Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության փոխելու որոշումը նոր իրադրությանը արձագանք է։ «Սա նոր իրադրությանը արձագանքն է, որպեսզի ադապտացիայի գործընթացն ավելի համակարգված կատարվի»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը 2026 թվականի մայիսից մինչ այս պահը ներմուծման սահմանափակումներ է կիրառում հայկական արտադրության բազմաթիվ ապրանքների, այդ թվում՝ գրուղատնտեսական արտադրանքի համար։ ՀՀ կառավարությունն այդ պայմաններում որդեգրել է արտահանումը դիվերսիֆիկացնելու քաղաքականություն և աջակցում է հայ արտադրողներին արտահանում իրականացնել տարբեր ուղղություններով։ Կառավարությունը սուբսիդավորում է դեպի Եվրամիության անդամ երկրներ արտահանվող գյուղմթերքի և ծաղիկների արտահանման մաքսատուրքերը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում