4 րոպեի ընթերցում
Խորովածի համահայկական փառատոնը որոշակի դադարից հետո վերադառնում է։ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում օգոստոսի 1-ին խորովածի բազմազանության պակաս չի լինելու։ Խորովածի փառատոնն իր շուրջն է հավաքելու խոհարարներին, համայնքի բնակիչներին ու խորովածի սիրահարներին։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը նշեց, որ 4 տարվա դադարից հետո Խորովածի փառատոնը ներկայանում է նոր շնչով՝ անցկացվելով արդեն 13-րդ անգամ։
«Խորովածի փառատոնն անցկացվում է 2008 թվականից, ինչպես շատերը գիտեն, այն տեղի էր ունենում Լոռու մարզի Ախթալա համայնքում։ Դեռ Ախթալայի հետ կապված մենք նպատակ էինք դրել նպաստելու տարածաշրջանի հանրահռչակմանը, համաչափ զարգացմանը, զբոսաշրջության խթանմանը, ազգային խոհանոցի տարածմանը։ Կարծում ենք, որ հաջողել ենք ու նախատեսում ենք նույնն իրականացնել Ստեփանավանում։ Մեր կարծիքով, Ստեփանավանի զբոսաշրջային ամբողջ ներուժը լավ չի բացահայտված և ահա ցանկանում ենք մեր ներդրումն ունենալ հանրահռչակման գործում»,-ասաց Սեդրակ Մամուլյանը։
Փառատոնի մեկնարկը տրվելու է ժամը 12։00-ին։ Գործելու է շուրջ 50 տաղավար, որտեղ խոհարարները ներկայացնելու են խորովածի իրենց մտահաղացումները։ Այցելուները կարող են շրջել, վայելել բազմազան ուտեստները, իսկ վերջում արդեն մասնագիտական ժյուրին կգնահատի նրանց աշխատանքը։ Նախատեսված են մրցանակներ «Լավագույն համ», «Լավագույն տեսք», «Լավագույն մտահաղացում» անվանակարգերում, ինչպես նաև «Հատուկ մրցանակ» ու «Բացարձակ գավաթ»։
«Ամեն անգամ, երբ փառատոնն անցկացնում ենք, անպայման լինում են խոհարարներ, որոնք խորովածի հետաքրքիր տարբերակներ են առաջարկում։ Նախորդ անգամ, օրինակ, մասնակիցներից մեկը որոշեց միայն մրգերի խորոված ներկայացնել, և պատրաստեց նաև ձմերուկի խորոված։ Այնպես որ, այս անգամ էլ կլինեն անակնկալներ»,-ասաց Սեդրակ Մամուլյանը։
Ընդգծելով Ստեփանավանի, ընդհանրապես Լոռու մարզի տեսարժան վայրերը՝ փառատոնի կազմակերպիչ Վլադիմիր Գևորգյանը նշեց, որ այցելուները տեղի զբոսաշրջային հնարավորությունները բացահայտելու լայն հնարավորություններ ունեն։
«Ստեփանավանում ունենք Լոռվա բերդը, որտեղ բավական մեծ ներդրումներ են կատարվում ու բարեկարգվում է, ցանկացողները կարող են այցելել նաև Դենդրոպարկ, Ջրաշուշանների լճակ։ Պարտադիր այցելությունների ցանկում կարող է լինել Սուրբ նշան մատուռը։ Եվ այդ ամենին գումարվում է թթվածնով գերհագեցած մաքուր օդը»,-ասաց Վլադիմիր Գևորգյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության պետ Դիանա Կարապետյանի խոսքով՝ Խորովածի փառատոնն իր մեծ ներդրումն ունի հայկական խոհանոցի հանրահռչակման, գաստրոտուրիզմի զարգացման գործում։
«Փառատոնը նաև տվյալ համայնք մեծ զբոսաշրջային հոսք է ապահովում։ Զբոսաշրջային կոմիտեն, այս կամ այն փառատոնի անցկացմանն աջակցելիս որոշակի պահանջներ է դնում, դրանց թվում է նաև առնվազն 3000 այցելու ապահովելը։ Նախորդ տարվա տվյալների համաձայն՝ մեր աջակցությունը ստացած փառատոնները 5000 և ավելի այցելու է ունեցել»,-ասաց Դիանա Կարապետյանը։
Փառատոնին 20 տաղավար անվճար հատկացվելու է տեղի համայնքների բնակիչներին, որոնք մասնակցելու են իրենց բերք ու բարիքով, ձեռքի աշխատանքով։ Միջոցառումն ուղեկցվելու է համերգային ծրագրով։
Կազմակերպիչները պատրաստ են նաև ցանկացողների տեղափոխությունն ապահովել Երևանից։ Հանրապետության հրապարակից օգոստոսի 1-ին ժամը 10։00-ին ավտոբուսները կշարժվեն դեպի Ստեփանավան, նույն օրը երեկոյան 20։00-ին կլինի վերադարձը։ Ցանկացողները կարող են նախապես Խորովածի փառատոնի սոցիալական ցանցերի էջերում գրանցվել։ Փառատոնի մուտքն անվճար է։