Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
3 րոպեի ընթերցում
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն իր համերաշխությունն է հայտնել Ֆրանսիային և Իսպանիային, որոնք արդեն օրեր շարունակ պայքարում են անտառային հրդեհների դեմ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրահանձնաժողովի նախագահը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով, որ Եվրամիության փրկարարական նավատորմի հինգ ինքնաթիռ և երկու ուղղաթիռ այժմ տեղակայված են Ֆրանսիայում։
«Եվ չորս ինքնաթիռ այսօր ժամանում է Իսպանիա։ Տրամադրվում է նաև արտակարգ իրավիճակների քարտեզագրություն՝ երկու երկրներում արձագանքին աջակցելու համար։ Իմ մտքերը կրակի դեմ քաջաբար պայքարող հրշեջների և բոլոր նրանց հետ են, ովքեր տարհանվել են»,-գրել է ֆոն դեր Լայենը։
L'Europe se tient aux côtés de la France et de l'Espagne face aux incendies dévastateurs qui les frappent.⁰
— Ursula von der Leyen (@vonderleyen) July 25, 2026
5 avions et 2 hélicoptères de la flotte rescEU sont désormais déployés en France.⁰
Et 4 avions arrivent aujourd'hui en Espagne.⁰
Copernicus fournit également des cartes…
Արդեն մի քանի օր է, ինչ Իսպանիան և Ֆրանսիան պայքարում են անոմալ շոգի հետևանքով առաջացած անտառային հրդեհների դեմ։
Իսպանիայի կառավարությունը հուլիսի 23-ի երեկոյան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել Մադրիդի մոտակա համայնքների և հարևան Ավիլայի նահանգին սպառնացող մի շարք անտառային հրդեհներից պատճառով։ Հրդեհների պատճառով ավելի քան 10 000 մարդ է տարհանվել։ Այս տարի Իսպանիայում այրվել է ավելի քան 100 000 հեկտար տարածք։ Հրդեհների հետևանքով 13 մարդ է զոհվել, ինչը 2026 թվականը դարձնում է տասնամյակների ընթացքում անտառային հրդեհների ամենամահացու սեզոններից մեկը։
Ֆրանսիայի իշխանություններն անտառային հրդեհների պատճառով հրահանգել են տարհանել մարդկանց երկրի հարավ-արևմտյան ափին գտնվող Ժիրոնդի դեպարտամենտի Լեժ-Կապ Ֆերե համայնքի (Կապ Ֆերե թերակղզի) ամբողջ տարածքից։ Հարյուրավոր մարդիկ նավակներով լքում են թերակղզին։
Միևնույն ժամանակ, հրշեջները շարունակում են պայքարել Ժիրոնդի դեպարտամենտում մի քանի օր մոլեգնող անտառային հրդեհների դեմ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 23-ի երեկոյան հայտարարել է, որ երկրում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը «շատ լարված» է, հատկապես՝ Ժիրոնդի շրջանում։ Հրդեհների հետևանքով տարհանվել են հազարավոր բնակիչներ։