Հայաստանում ԱԶԲ-ի ընդհանուր հանձնառությունների ծավալը հասել է մոտ 2.5 միլիարդ ԱՄՆ դոլարի. Լյազիզա Սաբիրովայի հարցազրույցը

13 րոպեի ընթերցում

Ասիական զարգացման բանկի առաջնահերթությունն է աջակցել Հայաստանին ավելի դիմակայուն, ներառական և կայուն տնտեսություն կառուցելու գործում՝ Կառավարության ձևավորվող զարգացման օրակարգին և Ասիական զարգացման բանկի՝ 2026-2030 թվականների երկրի գործընկերության ռազմավարությանը համապատասխան։

ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովան իր պաշտոնավարման 100 օրվա առթիվ հարցազրույց է տվել «Արմենպրես» լրատվական գործակալությանը, որում ներկայացրել է Հայաստանի մասին իր տպավորությունները, անդրադարձել է Հայաստանում Ասիական զարգացման բանկի ներդրումներին և առաջնահերթություններին։

-Տիկին Սաբիրովա, շնորհավորում ենք ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենի պաշտոնում ձեր գործունեության առաջին 100 օրվա կապակցությամբ։ Կպատմե՞ք մի փոքր ձեր մասին և կկիսվե՞ք Հայաստանի մասին Ձեր առաջին տպավորություններով։

-Շատ շնորհակալ եմ։ Ինձ համար մեծ պատիվ է պաշտոնավարել որպես ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն։ ԱԶԲ-ին միացել եմ 2000 թվականին և տարիների ընթացքում աշխատել եմ Արևելյան և Կենտրոնական Ասիայում, ինչպես նաև Հարավային Կովկասում։ Վերջին շրջանում ԱԶԲ-ի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչությունում զբաղեցրել եմ Տարածաշրջանային համագործակցության և ինտեգրման բաժնի ղեկավարի պաշտոնը, որտեղ իմ աշխատանքը կենտրոնացած էր տնտեսական համագործակցության, տարածաշրջանային կապակցվածության և ինտեգրման, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանում ռազմավարական աշխատանքի վրա։

Հայաստանն ինձ համար նոր երկիր չէ։ ԱԶԲ-ում մասնագիտական գործունեությանս վաղ շրջանում պատիվ եմ ունեցել սերտորեն աշխատելու Հայաստանի հետ, այդ թվում՝ ղեկավարելով ԱԶԲ-Հայաստան 2014-2018 թվականների երկրի առաջին գործընկերության ռազմավարության մշակումը։ Այդ փորձն ինձ օգնեց խորապես հասկանալ Հայաստանի զարգացման ձգտումներն ու ներուժը։ Ուստի հատկապես կարևոր է այժմ վերադառնալ նոր պաշտոնով և տեսնել, թե որքան մեծ առաջընթաց է գրանցել երկիրը։

Առաջին 100 օրվա ընթացքում հնարավորություն եմ ունեցել վերստին ծանոթանալու Հայաստանին ոչ միայն հանդիպումների միջոցով, այլև շրջելով երկրով, այցելելով ծրագրերի իրականացման վայրեր և զրուցելով մարդկանց հետ, որոնց կյանքի վրա անմիջական ազդեցություն ունի զարգացմանն ուղղված աշխատանքը։ Ինձ տպավորել են ոչ միայն Հայաստանի հարուստ պատմությունն ու մշակույթը, որոնք խորապես ոգեշնչող են, այլև երկրի եռանդը, դիմակայունությունը և ավելի ուժեղ, մրցունակ ու ավելի սերտորեն կապակցված տնտեսություն կառուցելու ձգտումը։

Գործընկերներիս հետ այցելել եմ ԱԶԲ աջակցությունը ստացած դպրոցներ, որոնք երեխաների համար ապահովում են ուսումնական ավելի անվտանգ միջավայր, անցել եմ կապակցվածությունը բարելավող տրանսպորտային երթուղիներով և հանդիպել ընտանիքների, որոնց բնակարանային պայմանները բարելավվում են ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող բարեփոխումների շնորհիվ։ Հանդիպել եմ նաև տեղացի մի ձեռնարկատիրոջ, որը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումից հետո բիզնես է հիմնել և այժմ օգտվում է դրա շնորհիվ բարելավված տրանսպորտային հասանելիությունից ու ստեղծված տնտեսական նոր հնարավորություններից։ Նաև անձամբ եմ տեսել, թե ԱԶԲ-ն ինչպես է աշխատում տեղական ֆինանսական հաստատությունների հետ՝ ընդլայնելու միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորման հասանելիությունը և օգնելու ձեռնարկություններին աճել ու աշխատատեղեր ստեղծել։ Նման պահերը երկար են մնում հիշողության մեջ։ Դրանք հիշեցնում են, որ զարգացումը չի սահմանափակվում ծրագրերով, ճանապարհներով կամ ֆինանսավորմամբ։ Դրա առանցքում մարդիկ են, նրանց ընտրությունները և այն հնարավորությունները, որոնց շնորհիվ նրանք կարող են ավելի լավ ապագա կառուցել իրենց ու իրենց ընտանիքների համար։

Մեծ բախտավորություն է նաև միանալ ԱԶԲ-ի հայաստանյան մշտական առաքելության ուժեղ և նվիրված թիմին, որը խորապես հանձնառու է աջակցելու երկրի զարգացմանը։

-ԱԶԲ-ն Հայաստանի զարգացման վաղեմի գործընկերն է։ Ինչպե՞ս կբնութագրեիք ԱԶԲ-ի ներդրումը երկրի զարգացման գործում։

-ԱԶԲ-ն համագործակցում է Հայաստանի հետ 2005 թվականից և այսօր երկրի խոշորագույն բազմակողմ զարգացման գործընկերներից մեկն է։ 2025 թվականի վերջի դրությամբ Հայաստանում պետական և մասնավոր հատվածների գործառնությունների գծով ԱԶԲ-ի ընդհանուր հանձնառությունների ծավալը հասել է մոտ 2.5 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Սակայն թվերից առավել կարևոր է այն, թե այս աջակցությունն ինչպես է օգնում Հայաստանին արձագանքել զարգացման իրական կարիքներին։

Շատերն ԱԶԲ-ն կապում են տրանսպորտային ենթակառուցվածքների, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային տրանսպորտի ծրագրերի հետ։ Դրանք իսկապես շատ կարևոր են, քանի որ կապակցվածությունը կենսական նշանակություն ունի Հայաստանի տնտեսական աճի, տարածաշրջանային ինտեգրման և շուկաների հասանելիության համար։ Սակայն Հայաստանի հետ ԱԶԲ-ի գործընկերությունը շատ ավելի լայն շրջանակ է ընդգրկում։

Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի միջոցով աջակցում ենք նաև դպրոցների անվտանգության բարձրացմանը։ Ծրագրի շրջանակում արդեն ավարտվել է 31 դպրոցի շինարարությունը, ևս 15-ի շինարարությունն ընթացքի մեջ է, իսկ հետագա ներդրումները նախապատրաստվում են։ Առողջապահության ոլորտում ԱԶԲ-ն աջակցում է արդիականացման աշխատանքներին, որոնք կօգնեն բարելավել առողջապահական ծառայությունների որակը և ֆինանսավորել երկրի ամբողջ տարածքում 24 ներառական, կլիմայական ռիսկերն ու գենդերային կարիքները հաշվի առնող առողջապահական հաստատությունների կառուցումը։ Բնակարանային բարեփոխումների ծրագրի միջոցով աջակցում ենք մատչելի, դիմակայուն և ներառական բնակարանային ապահովման հասանելիության բարելավմանն ուղղված բարեփոխումներին՝ միաժամանակ ամրապնդելով բնակարանային ֆինանսավորման համակարգերը։

Ջրային անվտանգությունը ևս կարևոր ուղղություն է։ Շատ այլ երկրների նման, Հայաստանը նույնպես բախվում է կլիմայի փոփոխությամբ պայմանավորված աճող ճնշմանը, և ԱԶԲ-ն օգնում է Կառավարությանը գտնել երկարաժամկետ լուծումներ, այդ թվում՝ նախապատրաստական աշխատանքներ իրականացնել ջրամբարների հնարավոր ներդրումային ծրագրերի համար և աջակցել կլիմայախելամիտ գյուղատնտեսությանը։ Հայաստանի հետ աշխատում ենք նաև աղետների ռիսկի կառավարման և կլիմայական դիմակայունության ուղղությամբ՝ օգնելով երկրին անցնել բնական վտանգների նկատմամբ առավել կանխարգելիչ և ռիսկերի գնահատման վրա հիմնված մոտեցման։ Քանի որ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել COP-17-ը, Հայաստանին ամենայն հաջողություն ենք մաղթում այս կարևոր համաշխարհային միջոցառումը նախագահելու գործում և ուրախ ենք զարգացման մյուս գործընկերների հետ միասին աջակցել այս ուղղությամբ կառավարության ջանքերին։

Մեր աշխատանքի մեկ այլ առանցքային ուղղություն է մասնավոր հատվածի զարգացումը։ Ձեռնարկություններին աջակցում ենք ոչ միայն ֆինանսավորմամբ, այլ նաև նպաստելով այն միջավայրի բարելավմանը, որտեղ մասնավոր հատվածը կարող է զարգանալ։ Այդ աշխատանքը ներառում է բարեփոխումներին աջակցություն և տեխնիկական օժանդակություն, ֆինանսական հաստատությունների ամրապնդում, ՄՓՄՁ-ների ֆինանսավորման հասանելիության ընդլայնում, ինչպես նաև կանաչ և ներառական ներդրումների խթանում։ Տեղական բանկերի հետ իրականացվող գործառնություններն օգնում են կապիտալ ներգրավել ձեռնարկությունների համար, նպաստել աշխատատեղերի ստեղծմանը և խթանել առավել կայուն տնտեսական աճը։

Քաղաքականության բարեփոխումները ևս Հայաստանի հետ ԱԶԲ-ի գործընկերության կարևոր բաղադրիչ են։ Բյուջետային աջակցության վարկերի միջոցով վերջին տասնամյակում ԱԶԲ-ն օգնել է ամրապնդել տնտեսական զարգացման հիմքում ընկած հաստատությունները, կանոններն ու համակարգերը։ Հիմնվելով կատարված աշխատանքի վրա՝ մեր թիմը, Ֆրանսիական զարգացման գործակալության (AFD) հետ գործընկերությամբ, ներկայում նախապատրաստում է քաղաքականության վրա հիմնված գործառնությունների նոր շարք, որը կօգնի ապահովել, որ այս բարեփոխումները շոշափելի արդյունքներ տան՝ հանրային ծառայությունների և հարկաբյուջետային կառավարման բարելավման, ֆինանսական շուկաների խորացման և ձեռնարկությունների ու ներդրողների համար առավել նպաստավոր միջավայրի ստեղծման միջոցով։

Ես ավելի ու ավելի եմ գիտակցում, թե որքան փոխկապակցված են զարգացման այս մարտահրավերները։ Մի ոլորտում առաջընթացը հաճախ կախված է մեկ այլ ոլորտում արձանագրված առաջընթացից։ Զարգացումը չի սահմանափակվում մեկ ոլորտով։ Ճանապարհներն օգնում են ձեռնարկություններին աճել։ Ավելի անվտանգ դպրոցները պաշտպանում են երեխաներին ու համայնքները։ Ավելի լավ բնակարանային պայմանները նպաստում են արժանապատիվ և կայուն կյանքին։ Ավելի որակյալ առողջապահական ծառայությունները բարելավում են կյանքի որակը։ Ֆինանսավորման հասանելիությունն օգնում է ձեռնարկատերերին ռիսկի դիմել և աշխատատեղեր ստեղծել։ Այս ներդրումները միասին օգնում են ավելի ամուր հիմք ստեղծել Հայաստանի ապագայի համար։

-Անդրադառնալով ապագային՝ որո՞նք են Հայաստանի համար Ձեր առաջնահերթությունները, և որտե՞ղ եք տեսնում համագործակցության ամենամեծ հնարավորությունները։

-Ապագային նայելով՝ ԱԶԲ-ի առաջնահերթությունն է աջակցել Հայաստանին ավելի դիմակայուն, ներառական և կայուն տնտեսություն կառուցելու գործում՝ կառավարության ձևավորվող զարգացման օրակարգին և ԱԶԲ-ի՝ 2026-2030 թվականների երկրի գործընկերության ռազմավարությանը համապատասխան։

Մենք կշարունակենք սերտորեն համագործակցել Կառավարության հետ՝ աջակցելու մասնավոր հատվածի կողմից ղեկավարվող աճին, ամրապնդելու հաստատություններն ու մարդկային կապիտալը, բարձրացնելու կլիմայի փոփոխության և աղետների նկատմամբ դիմակայունությունը և ընդլայնելու կապակցվածությունը։ Մեծ հնարավորություններ եմ տեսնում նաև տարածաշրջանային համագործակցության և ինտեգրման ոլորտում, հատկապես երբ Հայաստանը շարունակում է փնտրել տարածաշրջանային և համաշխարհային շուկաների հետ իր կապերն ամրապնդելու ուղիներ։ Թվայնացումը ևս հեռանկարային ուղղություն է՝ հաշվի առնելով Հայաստանի բարձրակարգ մասնագետների մեծ ներուժը և զարգացող նորարարական էկոհամակարգը։ ԱԶԲ-ն պատրաստ է աջակցել թվային լուծումների ներուժն օգտագործելու ջանքերին՝ առավել ներառական և կայուն զարգացում ապահովելու համար։ Ինձ տպավորել է նաև Հայաստանում զարգացման գործընկերների միջև ձևավորված ամուր համագործակցությունը։ ԱԶԲ-ն կշարունակի սերտորեն աշխատել զարգացման մյուս գործընկերների հետ՝ աջակցելու երկրի զարգացման առաջնահերթություններին։

Ինձ համար ամենակարևոր առաջնահերթությունն ապահովելն է, որ մեր գործընկերությունը գործնական արդյունքներ տա մարդկանց համար։ ԱԶԲ-ն կշարունակի տրամադրել ոչ միայն ֆինանսավորում, այլև գիտելիքներ, միջազգային փորձ և աջակցություն քաղաքականության մշակման գործում։ Մենք ցանկանում ենք օգնել Հայաստանին իր ձգտումները վերածել շոշափելի առաջընթացի՝ առավել որակյալ և խելացի ենթակառուցվածքների, ձեռնարկությունների համար ավելի լայն հնարավորությունների, ավելի ամուր համայնքների և, ի վերջո, ամբողջ երկրում մարդկանց կյանքի որակի բարելավման միջոցով։

Հայերեն English Русский