Աշխարհ

Հարավային Կորեան քննարկում է սոցիալական ցանցերից մինչև 14 տարեկան երեխաների օգտվելը սահմանափակելու հնարավորությունը

2 րոպեի ընթերցում

Հարավային Կորեան քննարկում է սոցիալական ցանցերից մինչև 14 տարեկան երեխաների օգտվելը սահմանափակելու հնարավորությունը

Հարավային Կորեայի մեդիայի և հաղորդակցության հանձնաժողովը քննարկում է սոցիալական ցանցերից մինչև 14 տարեկան երեխաների օգտվելը սահմանափակելու հնարավորությունը՝ հաշվի առնելով այդ հարցի շուրջ աճող մտահոգությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է կորեական Yonhap լրատվական գործակալությունը։

Հանձնաժողովի նախագահ Կիմ Ջոնգ Չհոլը, ներկայացնելով այդ ուղղությամբ կառավարության քաղաքականությունը, համաշխարհային նշանակության խնդիր է որակել սոցիալական ցանցերից դեռահասների չափազանց երկար ժամանակ օգտվելը։

Նրա խոսքով՝ փուլային տարբերակով ուսումնասիրվում է մինչև 14 տարեկան երեխաների համար սոցիալական հարթակներում հաշիվ ստեղծելու արգելք սահմանելու հնարավորությունը։ Միաժամանակ նախատեսվում է 14–19 տարեկան դեռահասների համար սահմանափակել դիզայնի այնպիսի լուծումների և ալգորիթմների ազդեցությունը, որոնք կարող են խրախուսել սոցիալական ցանցերի չափից շատ օգտվելը։

Կիմ Ջոնգ Չհոլը նշել է, որ երկրի Ազգային ժողովում արդեն ներկայացված է այս թեմային առնչվող շուրջ յոթ օրինագիծ։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ պետք է զգուշորեն մոտենալ հարցին՝ խուսափելու համար 2011 թվականին ընդունված «Shutdown» օրենքի շուրջ ստեղծված իրավիճակից։ Այդ օրենքով մինչև 16 տարեկաններին արգելվում էր կեսգիշերից մինչև առավոտյան ժամը 06:00-ն օգտվել առցանց խաղերից։ Սակայն 2022 թվականի հունվարին օրենքը չեղարկվեց այն հիմնավորմամբ, որ սահմանափակումները խախտում էին քաղաքացիների հիմնարար իրավունքները և բացասաբար էին ազդում խաղային ու մշակութային ոլորտների զարգացման վրա։

Հարավային Կորեայի նախաձեռնությունը համընկնում է մի շարք երկրների ձեռնարկած քայլերին՝ ուղղված սոցիալական ցանցերից երեխաների և դեռահասների օգտվելու հնարավորությունների սահմանափակմանը։ Եվրոպական միությունը հայտարարել է, որ աշնանը կներկայացնի համապատասխան օրենսդրական առաջարկներ, իսկ Ավստրալիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը մինչև 16 տարեկաններին արգելել է անձնական հաշիվներ ունենալ սոցիալական ցանցերում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում