Պետություն-մասնավոր համագործակցության ամրապնդումը կնպաստի Հայաստանի անասնապահության ոլորտի զարգացմանը․կայացավ INLIMA ծրագրի քննարկումը

4 րոպեի ընթերցում

Հայաստանի անասնապահության ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցության ընդլայնման և կաթի արժեշղթայի զարգացման հնարավորությունները քննարկվել են «Նորարարական անասնապահություն. կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագրի շրջանակում կազմակերպված «Պետություն-մասնավոր հատված համագործակցության ամրապնդման երկխոսություն» խորագրով բազմակողմ քննարկման ընթացքում։  

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը նշեց, որ կաթի և կաթնամթերքի ոլորտը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի առանցքային ուղղություններից է՝ կարևոր նշանակություն ունենալով երկրի պարենային անվտանգության, գյուղական բնակավայրերի տնտեսական կենսունակության, զբաղվածության և բնակչության եկամուտների ապահովման տեսանկյունից։  

«Այս համատեքստում կարևոր առաքելություն ունի կաթի արժեշղթայի բոլոր օղակների միջև արդյունավետ համագործակցության ձևավորումը։ Մեր նպատակը պետք է լինի ստեղծել այնպիսի համակարգ, որտեղ ֆերմերը, վերամշակողը, մատակարարը, գիտական հաստատություններն ու պետական կառույցները գործեն որպես մեկ փոխկապակցված համակարգ՝ ձևավորելով փոխադարձ վստահության և երկարաժամկետ գործընկերության մշակույթ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սարգսյանը։  

Նա ընդգծեց, որ ոլորտը շարունակում է բախվել մի շարք մարտահրավերների, որոնք վերաբերում են կենդանիների արտադրողականության բարձրացմանը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, անասնաբուժական ծառայությունների կատարելագործմանը, մթերման համակարգի բարելավմանը և ներդրումների ներգրավմանը։  

Նախարարի տեղակալի խոսքով՝ պետություն-մասնավոր հատված համագործակցությունը պետական քաղաքականության կարևոր բաղադրիչներից է։

«Պետության դերը ոչ միայն ոլորտը կարգավորելն է, այլև այնպիսի միջավայր ձևավորելը, որը կխթանի ներդրումները և կնպաստի նորարարությունների ներդրմանը։ Կարևոր է նաև միջազգային և տեղական գործընկերների աջակցությունը»,- նշեց նա։  

Ավստրիական զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Վահե Սարգսյանն էլ ընդգծեց, որ գյուղատնտեսության և ներառական տեղական ինքնակառավարման զարգացումը կազմակերպության առաջնահերթ ուղղություններից են Հայաստանում։

Նրա խոսքով՝ Ավստրիական զարգացման գործակալությունը կարևորում է պետություն-մասնավոր հատվածի երկխոսությունը, քանի որ նման համագործակցության վրա հիմնված ծրագրերն առավել արդյունավետ են և ունեն երկարաժամկետ արդյունքներ։

«Ավստրիական զարգացման գործակալությունը նաև աջակցում է բիզնես նախաձեռնություններին՝ նպաստելով գյուղատնտեսության ոլորտում նորարարությունների ներդրմանն ու կայուն զարգացմանը»,- ասաց Սարգսյանը։

«Նորարարական անասնապահություն. կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) հասարակական կազմակերպության կողմից՝ Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի անասնապահության ոլորտի զարգացմանը, բարձրացնել ֆերմերային տնտեսությունների արդյունավետությունը և բարելավել գյուղական բնակչության կենսապայմանները։

Հայերեն