«KV Group»-ը հետաքրքրված է Հայաստանից Օման թարմ պտուղ-բանջարեղենի ներմուծմամբ
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Անուշիկ Ավետյանը հուլիսի 15-ին հանդիպել են Օմանի Սուլթանության «KV Group» ընկերության տնօրեն Աբդուլ Վահիդիի, փոխնախագահ Մուհամմադ Ալ Բալուշիի և Օմանի Սուլթանությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման, ինչպես նաև հայկական թարմ պտուղ-բանջարեղենի՝ Օմանի շուկա արտահանման հնարավորությունները։
Արման Խոջոյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության արտահանման խթանման քաղաքականությունը՝ ընդգծելով Պարսից ծոցի երկրների հետ համագործակցության ընդլայնման կարևորությունը, ինչպես նաև ներկայացրել է Հայաստանի ինտենսիվ այգեգործության և ջերմատնային տնտեսությունների ներուժը։
«KV Group»-ի ներկայացուցիչները հետաքրքրություն են հայտնել Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի ներմուծման հարցի վերաբերյալ։
Այցի շրջանակում նրանք կայցելեն Հայաստանի մի շարք այգեգործական և ջերմատնային տնտեսություններ՝ տեղում ծանոթանալու արտադրանքին և արտահանման հնարավորություններին։
Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը, կազմակերպել B2B ձևաչափով հանդիպումներ հայկական արտադրողների մասնակցությամբ և փոխանակել անհրաժեշտ տեղեկատվություն՝ համագործակցության գործնական ուղղությունները հստակեցնելու նպատակով։