Բենգալյան ծոցում նավերի խորտակման հետևանքով առնվազն 500 փախստական է զոհվել
2 րոպեի ընթերցում

Առնվազն 500 մարդ զոհված է համարվում Բենգալյան ծոցում ռոհինջա փախստականներ տեղափոխող երկու նավերի բախման հետևանքով։ Նրանք Մյանմայից ուղևորվում էին Բանգլադեշ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի՝ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը։
Մասնավորապես նշվել է, որ մոտ 530 փախստականով նավերը հունիսի վերջին դուրս են եկել Մյանմայի Ռաքայնի նահանգից։ Հուլիսի սկզբին չպարզված հանգամանքներում դրանք խորտակվել են Բանգլադեշ տանող ճանապարհին։ Կա հավանականություն, որ վատ եղանակային պայմանները հանգեցրել են նավերի բախմանը։ Աղետի վայրում որոնողափրկարարական գործողություններ չեն իրականացվել։
«Թեև միջադեպի և զոհերի թվի մասին տեղեկություններն առայժմ պաշտոնապես չեն հաստատվել, ՄԱԿ-ի գրասենյակը լրջորեն անհանգստացած է Մյանմայից փախստականներ տեղափոխող նավերի խորտակման հետևանքով զոհերի մեծ թվի, ինչպես նաև Բանգլադեշի ճամբարներում գտնվող ռոհինջա ազգության ներկայացուցիչների համար միջազգային պարենային և մարդասիրական օգնության կրճատման պատճառով», - ասվում է հայտարարության մեջ։
2025 թվականին, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով, ավելի քան 6500 ռոհինջա փորձել է Մյանմայից ծովով հասնել Բանգլադեշ։ Սակայն նրանցից մոտ 900-ը զոհվել կամ անհետ կորել է։
Մյանմայի իշխանությունները մերժում են քաղաքացիություն տրամադրել իսլամական դավանանք ունեցող ռոհինջաներին, որոնք համարվում են անօրինական միգրանտներ։