Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ

5 րոպեի ընթերցում

Հայաստանում առաջարկվում է սահմանել բուլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման, նրանց պաշտպանության և ուղղորդման, ինչպես նաև նրանց հետ աշխատանքների իրականացման կարգ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համապատասխան նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Նախագծով սահմանվում են երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող, կրթական, այդ թվում՝ նախադպրոցական և արտադպրոցական, սպորտային ու մշակութային գործառույթ իրականացնող կազմակերպություններում, ինչպես նաև արդարադատության համակարգում գործող մարմիններում բուլինգի դեպքերի հայտնաբերման, արձագանքման, պաշտպանության և ուղղորդման հետ կապված հարաբերությունները։

Նախագծում նշվում է, որ բուլինգը երեխայի նկատմամբ բռնության մասնավոր դրսևորում է։ Կարգով նախատեսված գործողությունները պետք է իրականացվեն՝ ելնելով բուլինգի ենթարկված երեխայի լավագույն շահերից՝ միևնույն ժամանակ հաշվի առնելով նաև բուլինգ գործադրած երեխայի լավագույն շահերը։

Բուլինգի ենթարկված կամ բուլինգի վտանգի տակ գտնվող երեխաների դեպքերում անհրաժեշտ միջամտություններն իրականացնելու է համայնքի՝ երեխայի պաշտպանության ոլորտում մասնագիտացված սոցիալական աշխատողը։ Գործընթացը պետք է ուղղված լինի երեխային և նրա ընտանիքին աջակցության տրամադրմանը, ռիսկերի գնահատմանը, անհրաժեշտ ռեսուրսների ներգրավմանը, բուլինգի հետևանքների հաղթահարմանը և կրկնության կանխարգելմանը։

Նախագծով նախատեսվում է, որ կազմակերպության ղեկավարը պետք է պարբերաբար իրականացնի բուլինգի դրսևորումների մշտադիտարկում, ներքին կարգապահական կանոններում ներառի բուլինգի կանխարգելման և հայտնաբերման ընթացակարգեր, կազմի գործողությունների պլան, կազմակերպի աշխատողների ուսուցում և սահմանի երեխայի պաշտպանության թիմի կազմն ու համակարգողին։

Բուլինգի դեպքերի հայտնաբերման համար նախատեսվում են երեխաների վարքագծի և հուզական վիճակի ամենօրյա դիտարկումներ, անանուն հաղորդման համար «վստահության արկղերի» կամ առցանց հարթակների ներդրում, ինչպես նաև մեկուսացված կամ թիրախավորված երեխաների հայտնաբերմանն ուղղված հարցազրույցներ։

Հայտնաբերման գործընթացում մասնագետները պետք է ուշադրություն դարձնեն ֆիզիկական, վարքագծային և սոցիալական նշաններին՝ վնասվածքների, անձնական իրերի վնասման կամ կորստի, ուսման առաջադիմության անկման, կազմակերպություն հաճախելուց հրաժարվելու փորձերի, մեկուսացման, շփման դժվարությունների կամ սոցիալական միջավայրից մեկուսացման դեպքերին։

Նախագծի համաձայն՝ հայտնաբերված կամ ենթադրյալ բուլինգի յուրաքանչյուր դեպք պետք է գրանցվի՝ պահպանելով անձնական տվյալների պաշտպանության պահանջները։ Դեպքը գրանցելուց հետո թիմի համակարգողը 12 ժամվա ընթացքում պետք է իրազեկի թիմին և մասնագիտացված սոցիալական աշխատողին։

Կարգով սահմանվում է նաև, որ բուլինգի կամ ենթադրյալ բուլինգի մասին հաղորդում ստանալուց հետո վստահված աշխատողը առաջնային անհատական զրույց է անցկացնում բուլինգի ենթարկված երեխայի, բուլինգ իրականացրած երեխայի և ականատես երեխաների հետ՝ յուրաքանչյուրի հետ առանձին։

Եթե երեխայի կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում, կազմակերպությունն անհապաղ հաղորդում է ներկայացնում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն։

Բուլինգի դեպքերում աշխատանքները նախատեսվում է իրականացնել փուլերով՝ դեպքի նախնական վերհանում և արձանագրում, տեղեկատվության առաջնային գնահատում, փաստական հանգամանքների վերլուծություն, մասնագիտական աջակցության ցուցաբերում, 30-օրյա մշտադիտարկում և հետագա գնահատում։

Նախագծով նախատեսվում է, որ դեպքը կարող է համարվել կարգավորված, եթե 30-օրյա մշտադիտարկման արդյունքում հաստատվել է կայուն դրական առաջընթաց, որը պահպանվել է նաև հաջորդող վեց ամիսների ընթացքում։

Բուլինգի դեպքի ուսումնասիրության ավարտից հետո երեխայի պաշտպանության թիմը պետք է մշակի գործողությունների անհատական պլան ներգրավված երեխաների, անհրաժեշտության դեպքում՝ նաև նրանց ծնողների կամ օրինական ներկայացուցիչների համար։

Հայերեն

Մեսրոպ Մեսրոպյանը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը

Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով

Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները

Հայաստանը դարձել է MICE Excellence 2026-ի մրցանակակիր

Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին

Բուլղարիայի վարչապետը մերժել է Մակրոնի առաջարկը` մասնակցելու «Կամեցողների կոալիցիային»

ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա

Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները. Reuters

Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ