Իրան

ԱՄՆ-ն և Իրանը նոր հարվածներ են փոխանակել. պայթյուններ են տեղի ունեցել Պարսից ծոցի մի շարք երկրներում

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն և Իրանը նոր հարվածներ են փոխանակել. պայթյուններ են տեղի ունեցել Պարսից ծոցի մի շարք երկրներում

ԱՄՆ-ն և Իրանը երրորդ գիշերը հարվածներ են փոխանակել։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հուլիսի 14-ի վաղ առավոտյան գրառման մեջ հայտարարել է, որ արդեն ավարտել է հարվածները, որոնք տևել են հինգ ժամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ CENTCOM-ն X-ում գրառման մեջ հայտնել է, որ հարվածել է թիրախների Բուշերում, Չահ Բահարում, Ջասկում, Կոնարակում, Աբու Մուսայում և Բանդար Աբբասում։

Նշվում է, որ ճշգրիտ զենքերով թիրախավորվել են Իրանի ափամերձ պաշտպանության համակարգեր, հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կայաններ և ծովային կարողություններ։

«Ավելի քան 50 000 ամերիկացի զինծառայողներ ներկայում տեղակայված են Մերձավոր Արևելքում։ Ամերիկյան ուժերը շարունակում են մնալ զգոն, մարտունակ և պատրաստ», - նշված է հաղորդագրության մեջ։

Իրանական լրատվամիջոցները ևս հայտնել են երկրի մի քանի վայրերում ամերիկյան հարվածների մասին։ Մասնավորապես, հաղորդվում է, որ պայթյուններ են լսվել Բուշերում, որտեղ գտնվում է Իրանի խոշոր նավահանգիստներից մեկը։ Ըստ Mehr գործակալության՝ ամերիկյան արկերը հարվածել են նաև Խուզեստանի նահանգի Օմիդիյե քաղաքին։ Fars գործակալությունն էլ գրում է, որ պայթյուններ են լսվել Քիշ, Ղեշմ և Աբու մուսա կղզիներում։ Մի շարք պայթյուններ են գրանցվել նաև Բանդար Աբբասում։

Իրանն իր հերթին պատասխան հարվածներ է հասցրել տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին։ Fars գործակալությունը, վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարությունը, գրում է, որ հուլիսի 14-ին բալիստիկ հրթիռներով թիրախավորվել է Հորդանանում ամերիկյան ուժերի տեղակայման ավիաբազա։ Հորդանանն իր հերթին հայտնել է, որ խոցել է Իրանից արձակված 4 հրթիռ, որոնք մտել էին երկրի օդային տարածք։

Գիշերվա ընթացքում երեք անգամ տագնապի ահազանգեր են հնչել Բահրեյնում։ Ըստ ԻՀՊԿ-ի՝ հրթիռներով և անօդաչուներով ոչնչացվել է Բահրեյնում գտնվող ԱՄՆ հինգերորդ նավատորմի օդային կառավարման ռադարը։ Կորպուսը նաև հայտնել է, որ իր ռազմածովային և ավիատիեզերական ուժերը Բահրեյնում հարվածել են Patriot համակարգի ռադարին և C-RAM վաղ նախազգուշացման ռադարային համակարգին։

ԻՀՊԿ-ն հավելել է, որ ոչնչացվել են նաև վառելիքի պահեստավորման բաքեր և անօդաչու նավակների կառավարման կենտրոն։ Նաև թիրախավորվել են զենքի պահեստներ, արբանյակային հաղորդակցության կենտրոն և Բահրեյնի մայրաքաղաքում գտնվող Ջուֆեյրի ռազմաբազան, որտեղ տեղակայված են ամերիկյան ուժեր։

Արաբական Միացյալ Էմիրություններն էլ հայտնել է, որ Իրանը Հորմուզի նեղուցում հարվածել է էմիրաթական երկու նավթային լցանավի, որի հետևանքով զոհվել է անձնակազմի հնդիկ անդամներից մեկը, ևս 8-ը վիրավորվել են։ Վիրավորներից վեցը հնդիկ են, երկուսն՝ ուկրաինացի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում