Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
2 րոպեի ընթերցում

Եվրամիության արտաքին գործերի նախարարները հստակ նշել են, որ Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստից հետո հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքը գտնվում է հարձակումների, հակահարձակումների և փխրուն հրադադարի վտանգավոր շրջափուլի մեջ։
Կալասը նշել է, որ Իրանի հարձակումներն առևտրային նավերի վրա խախտում են միջազգային իրավունքը և փոխըմբռնման հուշագիրը։
«Մինչև պատերազմը Հորմուզի նեղուցը բաց էր նավարկության համար՝ առանց վճարների։ Պատերազմի ավարտից հետո նեղուցը պետք է բաց լինի նավարկության համար՝ առանց վճարների»,- ասել է Կալասը։
ԵՄ բարձր ներկայացուցիչի խոսքով՝ նախարարները հստակ ընդգծել են, որ նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ, իսկ Իրանը երբեք չպետք է ունենա միջուկային զենք։
Նա նաև նշել է, որ Ծոցի գործընկերները կարևոր դեր ունեն տարածաշրջանային կայունության ապահովման գործում։
Կալասի խոսքով՝ Իրանի հարձակումները Հորդանանի, Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Բահրեյնի դեմ անընդունելի են և կարող են հանգեցնել խաղաղության կամ միջանկյալ խաղաղության համաձայնության ամբողջական փլուզման։