Ռուսաստան

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին

Եվրամիության արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայում ռազմի դաշտում իրավիճակը, Ուկրաինայի էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստից հետո հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

Նրա խոսքով՝ նախարարները Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ քննարկել են ռազմի դաշտում իրավիճակը և Ուկրաինայի էներգետիկ դիմակայունության ամրապնդումը։

Կալասը նշել է, որ հաջորդ ձմռանը Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կրկին կհարվածի Ուկրաինայի էլեկտրացանցին, ուստի ԵՄ-ն նախապատրաստվում է դրան։

«Ուկրաինային անհրաժեշտ են գեներատորներ, պահեստամասեր և վերանորոգման ֆինանսավորում»,- ասել է Կալասը։

Նա ընդգծել է, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը ևս շարունակում է առաջնահերթություն մնալ, և կոչ է արել այն անդամ երկրներին, որոնք ունեն համապատասխան պաշարներ, դրանք տրամադրել Ուկրաինային։

Կալասի խոսքով՝ ԱՄՆ-ի որոշումը՝ Կիևին թույլ տալ արտադրել Patriot հրթիռներ լիցենզիայի ներքո, դրական քայլ է, թեև դա ժամանակ է պահանջելու։

ԵՄ բարձր ներկայացուցիչը հայտարարել է, որ այսօր արդեն իններորդ անգամ անընդմեջ Արտաքին գործերի խորհուրդը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել։

«Մենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ ենք սահմանում աննախադեպ արագությամբ և մասշտաբով»,- ասել է Կալասը։

Նրա խոսքով՝ այսօրվա միջոցառումները և առաջիկա 21-րդ պատժամիջոցների փաթեթը միասին ներառում են ավելի քան 250 կետ։ Կալասը դա որակել է որպես 2022 թվականին Ռուսաստանի ներխուժումից ի վեր անհատական պատժամիջոցների ամենամեծ փուլը։

ԵՄ բարձր ներկայացուցիչը նշել է, որ հիմնական թիրախը Ռուսաստանի ռազմական մեքենայի ֆինանսական հենարանն է։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում