Աշխարհ

Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է ևս երկու տարվա ազատազրկման

2 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է ևս երկու տարվա ազատազրկման

Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման՝ իրեն առնչվող ութ դատական գործերից մեկով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Yonhap գործակալությունը։

Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը Յուն Սոկ Յոլին մեղավոր է ճանաչել քաղաքական քարոզարշավների ֆինանսավորման մասին օրենքը խախտելու համար։ Դատարանը համարել է, որ համապատասխան ընկերությունը 2022 թվականին՝ նախագահական ընտրություններին ընդառաջ, Յուն Սոկ Յոլի և նրա կնոջ շահերից ելնելով, անվճար սոցիոլոգիական հարցումներ է անցկացրել, ինչի արժեքը եղել է մոտ 190 հազար դոլար։

Քննությունը պնդում էր, որ սոցիոլոգիական ընկերության ղեկավար Մեն Թհե Գյունը դրա դիմաց ակնկալում էր փոխադարձ ծառայություններ։

Նույն դատարանը Մեն Թհե Գյունին դատապարտել է մեկուկես տարվա ազատազրկման։

Միևնույն ժամանակ, նախկին նախագահի կինը՝ Կիմ Գոն Հին, մեկ այլ դատական գործընթացի շրջանակում առաջին և երկրորդ ատյանների դատարանների կողմից անմեղ է ճանաչվել քաղաքական քարոզարշավների ֆինանսավորման մասին օրենքի խախտման մեղադրանքով։ Յուն Սոկ Յոլի փաստաբանները ուշադրություն են հրավիրել այս հանգամանքի վրա և հայտարարել, որ պատրաստվում են բողոքարկել վճիռը։

«Տիկին Կիմ Գոն Հին առաջին և երկրորդ ատյանների դատարաններում անմեղ է ճանաչվել։ Հաշվի առնելով, որ հանգամանքները նույնն են, դժվար է հասկանալ, թե ինչու են այս գործով [Յուն Սոկ Յոլին] մասնակի մեղավոր ճանաչել», - հայտարարել են փաստաբանները։

Փետրվարին առաջին ատյանի դատարանը նախկին նախագահ Յուն Սոկ Յոլին դատապարտել էր ցմահ ազատազրկման՝ սահմանադրական կարգի դեմ ըմբոստություն կազմակերպելու մեղադրանքով։ Հարավային Կորեայի քրեական օրենսգիրքը այս հանցագործության համար նախատեսում է միայն երկու տեսակի պատիժ՝ ցմահ ազատազրկում և մահապատիժ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում