Ադրբեջան

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններն ամբողջությամբ կարգավորվել են

2 րոպեի ընթերցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններն ամբողջությամբ կարգավորվել են

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններն ամբողջությամբ կարգավորվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։ 

Շուշիի IV գլոբալ մեդիաֆորումում ելույթ ունենալով՝ Ալիևը նշել է, որ Բաքուն մեծ կարևորություն է տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններին և ուշադրությամբ հետևում է նաև ռուսական պաշտոնական շրջանակների հայտարարություններին։

«Մենք տեսել ենք Ռուսաստանի պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները, ըստ որոնց՝ մեր երկրների միջև հարաբերությունները զարգանում են դրական դինամիկայով»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևն ընդունել է, որ հարաբերություններում եղել են որոշ դժվարություններ, սակայն, նրա խոսքով, այդ փուլն արդեն անցյալում է։

«Կասեի, որ հարաբերություններն ամբողջությամբ կարգավորվել են»,- հայտարարել է նա։ 

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ տարբեր մակարդակներում շփումները շարունակվում են։ Նա նկատել է՝ ակտիվ համագործակցություն է իրականացվում կառավարությունների, միջկառավարական հանձնաժողովի համանախագահների, արտաքին գործերի նախարարությունների և երկու երկրների նախագահների աշխատակազմերի միջև։

Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն երկկողմ համագործակցության, այլև ավելի լայն տարածաշրջանի համար։ Նրա խոսքով՝ համագործակցությունն ընդգրկում է ինչպես ավանդական, այնպես էլ ապագայում ձևավորվելիք նոր ուղղություններ, որոնց թվում առանձնահատուկ նշանակություն ունեն տրանսպորտի, առևտրի և հումանիտար համագործակցության ոլորտները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում