Արմավիրի մարզում կասեցվել է լցակայանի բենզինի և հեղուկ գազի վաճառքը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինն իրականացրել է վերահսկողական գործողություններ բենզինի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «Հակոբ Մելքոնյան Մանվելի» ԱՁ֊ին պատկանող լցակայանում (Հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, Լուսագյուղ, Էջմիածնի խճուղի 15)։
«Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է լցակայանի բենզինի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՇՎՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։
Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։