Հայաստան

Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը

2 րոպեի ընթերցում

Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետների հատուկ մեթոդաբանության կիրառման շնորհիվ կանխվել է հերթական օրինախախտումը՝ իրականացնելով նախադեպը չունեցող հեղինակաբանական փորձաքննություն: Կենտրոնի փորձագետներին հաջողվել է ճշգրիտ նույնականացնել սոցիալական հարթակներից մեկում օգտատիրոջ կողմից հրապարակված գրավոր խոսքի՝ տվյալ դեպքում տպագիր տեքստի իրական հեղինակին:

«Սա եզակի հաջողություն է դատափորձագիտական պրակտիկայում, քանի որ հաճախ տեքստը տեխնիկապես կազմողը և դրա բովանդակային հեղինակը հանդիսանում են լիովին տարբեր անձինք: Նմանատիպ բարդության և բացառիկության փորձաքննություններ Հայաստանում իրականացվում են բացառապես «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում, և այս յուրօրինակ հետազոտության հաջող ընթացքն ապահովելու համար ներգրավվել է որակավորված լեզվաբան-փորձագետ»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են Փորձագիտական կենտրոնից։

Փորձաքննության իրականացման ընթացքում կիրառվել են համեմատական հետազոտության ավանդական մեթոդիկան և որակական նկարագրական մեթոդները:

«Այս եզակի փորձաքննության բարձր մակարդակով իրականացումն ու արդյունավետությունը ևս մեկ անգամ փաստում են Կենտրոնի պրոֆեսիոնալ փորձագետների մասնագիտական բարձր պատրաստվածության, փորձառության և անդադար կատարելագործվող կարողությունների մասին՝ ապահովելով թվային տիրույթում անանունության կամ զրպարտության քողի տակ թաքնված իրական հեղինակների բացահայտումն ու հանցավոր փորձերի կանխումը»,– ասված է Կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում