Ֆինանսական տեխնոլոգիան՝ որպես վաճառքի շարժիչ. IDBank-ը Mantashyants Global Business Forum 2026-ում ներկայացրեց իր ֆինտեխ էկոհամակարգը
3 րոպեի ընթերցում

Ինչպե՞ս են ժամանակակից ֆինտեխ լուծումները փոխում սպառողական վարքագիծը, ընդլայնում բիզնեսների ֆինանսական հնարավորությունները և նպաստում տնտեսության ակտիվացմանը․ «Երբ ֆինանսական տեխնոլոգիան դառնում է վաճառքի շարժիչ»․ այս թեման Mantashyants Global Business Forum 2026-ում ներկայացրեց IDBank-ի առևտրային գործընկերների հետ հարաբերությունների վարչության ղեկավար Գրիգորի Յոլյանը։
Ելույթի առանցքային գաղափարն այն էր, որ ժամանակակից շուկայում վաճառքի հաջողությունը կախված է ոչ միայն ապրանքի կամ ծառայության որակից, այլև դրա հասանելիությունից, իսկ այդ հասանելիությունն ապահովող ամենահզոր գործիքը տեխնոլոգիան է։

Ներկայացնելով Idram&IDBank էկոհամակարգը՝ Գրիգորի Յոլյանը նշեց, որ QR-ով վճարումների ներդրման շնորհիվ մեկ միասնական թվային միջավայրում միավորվել են ավելի քան 1 միլիոն օգտատեր և շուրջ 30 հազար վաճառակետ՝ կապելով սպառողներին և բիզնեսներին։
Ելույթում անդրադարձ կատարվեց նաև Rocket Line ծառայությանը, որը հայկական շուկայում դարձավ «Buy now, pay later» մոդելի հաջողված օրինակ։ Այսօր ծառայության շրջանակում օրական ձևակերպվում է շուրջ 12 500 պայմանագիր, իսկ ամեն օր այն օգտագործում է մոտ 7000 եզակի հաճախորդ։

Rocket Line-ի հաջողությունից հետո նույն մոտեցումը կիրառվեց նաև բիզնեսների համար՝ ստեղծելով IDDistributor հարթակը։ Այն փոքր և միջին բիզնեսներին հնարավորություն է տալիս մատակարարման պահին վճարումներ կատարել ինչպես սեփական միջոցներով, այնպես էլ Rocket Distributor վարկային սահմանաչափի միջոցով՝ ապահովելով շրջանառու միջոցների հասանելիություն և խթանելով վաճառքները։ Միաժամանակ IDDistributor-ը նպաստում է կանխիկ շրջանառության կրճատմանը, բիզնես գործընթացների թվայնացմանը և ֆինանսական ներառականության բարձրացմանը, հատկապես մարզերում։

«Ֆինանսական տեխնոլոգիան վաճառք է ստեղծում այնտեղ, որտեղ նախկինում կային սահմանափակումներ։ Այն միավորում է մարդկանց, բիզնեսներին և ֆինանսական հնարավորությունները մեկ ընդհանուր հարթակում։ Իսկ երբ այդ կապը ստեղծվում է, աճում են ոչ միայն վճարումների ծավալները, այլև տնտեսության ընդհանուր ակտիվությունը»,- նշել է Գրիգորի Յոլյանը։
Idram-ն ու IDBank-ը շարունակում են իրականացնել իրենց ռազմավարությունը՝ ուղղված անկանխիկ տնտեսության զարգացմանը, բիզնես գործընթացների թվայնացմանը և Հայաստանում ֆինանսական ներառականության բարձրացմանը։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ