Հայաստան

Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի հունիսի 30-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած՝ Լատվիայի Հանրապետության գլխավոր դատախազ Արմինս Մեյստերսի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Դատախազության տարածած հաղորդագրությունից, պատվիրակությունը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում կայանալիք՝ «Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հետքերով. քրեական հետապնդում, գույքի վերականգնում և բռնագանձված գույքի կառավարում, քրեական արդարադատությունում զոհակենտրոն մոտեցման ամրապնդում» խորագրով միջազգային բարձրաստիճան համաժողովին:

Աննա Վարդապետյանը ողջունել է գործընկերներին ՀՀ գլխավոր դատախազությունում, շնորհակալություն է հայտնել Լատվիայի գործընկերոջը՝ Հայաստան այցելելու և համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար, ինչպես նաև շնորհավորել է Արմինս Մեյստերսին գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ նրա մասնագիտական փորձն ու գիտելիքները կարևոր ներդրում կունենան Լատվիայի դատախազության զարգացման և ժամանակակից մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու գործում։

ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է Լատվիայի պատվիրակության մասնակցությունը Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում քննարկումներին՝ ընդգծելով, որ եվրոպացի գործընկերների հետ համագործակցությամբ Հայաստանում 2023-2025 թվականներին անցկացված բարձրաստիճան միջազգային համաժողովների հաջողված փորձի հիման վրա որոշվել է ինստիտուցիոնալացնել և շարունակական դարձնել մասնագիտական երկխոսության այս ձևաչափը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Լատվիայի միջև քրեական վարույթներով միջազգային իրավական համագործակցությանը։ Նշվել է, որ երկու երկրների միջև գործող միջազգային իրավական գործիքակազմը հնարավորություն է տալիս արդյունավետ իրականացնել փոխադարձ իրավական օգնության հարցումները, ինչի մասին վկայում են նաև վերջին տարիների համագործակցության վիճակագրական տվյալները։

Կողմերը քննարկել են նաև անդրազգային հանցավորության դեմ պայքարի համատեքստում համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Եվրաջասթի գործիքակազմին։

Հայաստանի և Լատվիայի գլխավոր դատախազները վերահաստատել են միջազգային համագործակցության, մասնագիտական փորձի փոխանակման և երկկողմ գործընկերության հետագա խորացման պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ նման ձևաչափերը կարևոր նշանակություն ունեն դատախազական համակարգերի արդյունավետության բարձրացման և ժամանակակից մարտահրավերներին համատեղ արձագանքելու գործում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում