Լրագրության ապագան՝ նոր տեխնոլոգիաների ու ժամանակակից մարտահրավերների պայմաններում. ամփոփվել են Գլոբալ մեդիայի ֆորումի աշխատանքները
7 րոպեի ընթերցում
Գերմանիայի Բոնն քաղաքում ամփոփվել են Deutsche Welle-ի կազմակերպած Գլոբալ մեդիա ֆորումի աշխատանքները. համաժողովը երկու օր շարունակ համախմբել էր աշխարհի հարյուրավոր երկրների լրագրողների, խմբագիրների, մեդիա կազմակերպությունների ղեկավարների, հասարակական-քաղաքական գործիչների, գիտնականների, տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների և քաղաքացիական հասարակության անդամների։
Ինչպես Բոննից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս տարվա ֆորումը վերածվել էր միջազգային կարևոր հարթակի, որտեղ քննարկվել են ոչ միայն մեդիայի առջև ծառացած արդի մարտահրավերները, այլև տեղեկատվական միջավայրի ապագայի ձևավորման հետ կապված առանցքային հարցերը։
«Journalism Out Loud» («Լրագրությունը՝ բարձրաձայն») խորագրի ներքո անցկացված ֆորումը կենտրոնացած էր այն թեմաների վրա, որոնք վերջին տարիներին դարձել են միջազգային մեդիա օրակարգի հիմնական բաղադրիչները։ Քննարկումների առանցքում էին արհեստական բանականության ազդեցությունը լրագրության վրա, ապատեղեկատվության դեմ պայքարը, մամուլի ազատության վիճակը, լրագրողների անվտանգությունը, մեդիայի ֆինանսական կայունությունը, թվային տեխնոլոգիաների զարգացումը և հանրային վստահության պահպանման խնդիրները։
Ֆորումի մասնակիցները պանելային քննարկումների ընթացքում փաստել են, որ տեղեկատվական միջավայրը շարունակում է արագ փոփոխվել՝ պայմանավորված ինչպես տեխնոլոգիական առաջընթացով, այնպես էլ աշխարհաքաղաքական զարգացումներով։ Այս պայմաններում մատնանշվել է, որ լրատվամիջոցները կանգնած են նոր իրականության առաջ, որտեղ անհրաժեշտ է միաժամանակ ապահովել տեղեկատվության արագ տարածումը, պահպանել մասնագիտական չափանիշները և դիմակայել ապատեղեկատվության ու տեղեկատվական մանիպուլյացիաների աճող սպառնալիքներին։
Քննարկումների կարևոր թեմաներից մեկը արհեստական բանականության զարգացումն էր։ Մասնակիցները տարբեր տեսանկյուններից անդրադարձել են այն հնարավորություններին, որոնք նոր տեխնոլոգիաները ստեղծում են լրագրության համար՝ սկսած տվյալների մշակման և բովանդակության արտադրության գործընթացներից մինչև նոր գործիքների կիրառումը հետաքննական լրագրության ոլորտում։ Միաժամանակ ընդգծվել է, որ տեխնոլոգիական առաջընթացը չի կարող փոխարինել լրագրության հիմնարար արժեքներին՝ ճշգրտությանը, պատասխանատվությանը, փաստերի ստուգմանը և խմբագրական անկախությանը։
Ֆորումի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև ապատեղեկատվության տարածման խնդիրներին։ Մասնակիցների գնահատմամբ՝ տեղեկատվական մանիպուլյացիաները շարունակում են մնալ ժողովրդավարական հասարակությունների, ընտրական գործընթացների և հանրային վստահության համար լուրջ մարտահրավեր։ Այդ համատեքստում կարևորվել են մեդիա գրագիտության ծրագրերը, փաստերի ստուգման մեխանիզմների զարգացումը և տարբեր երկրների լրատվամիջոցների միջև համագործակցության խորացումը։
Բոննում կայացած քննարկումների ընթացքում բազմիցս ընդգծվել է, որ լրագրության նկատմամբ վստահության հարցը շարունակում է մնալ ոլորտի առանցքային խնդիրներից մեկը։ Մասնակիցների կարծիքով՝ տեղեկատվական հոսքերի աննախադեպ ծավալների, սոցիալական ցանցերի աճող ազդեցության և հասարակությունների բևեռացման պայմաններում լրագրությունը կանգնած է հանրության հետ վստահության հարաբերությունները վերականգնելու և ամրապնդելու անհրաժեշտության առաջ։
Ֆորումի օրակարգում կարևոր տեղ են զբաղեցրել նաև մամուլի ազատության և լրագրողների անվտանգության հարցերը։ Բանախոսներն անդրադարձել են աշխարհի տարբեր տարածաշրջաններում լրագրողների աշխատանքի պայմաններին, տեղեկատվության ազատ հասանելիության սահմանափակումներին և անկախ լրատվամիջոցների գործունեության առջև ծառացած խոչընդոտներին։ Քննարկումների ընթացքում շեշտվել է, որ ազատ և անկախ մամուլը շարունակում է ժողովրդավարական կառավարման, թափանցիկության և հաշվետվողականության ապահովման կարևորագույն գործոններից մեկը մնալ։
Երկօրյա համաժողովում առանձին քննարկումներ են նվիրվել նաև մեդիայի տնտեսական կայունությանը։ Մասնակիցները նշել են, որ թվային դարաշրջանում լրատվամիջոցները ստիպված են վերանայել իրենց գործունեության ավանդական մոդելները և գտնել ֆինանսական կայունության նոր աղբյուրներ՝ միաժամանակ պահպանելով խմբագրական անկախությունն ու մասնագիտական չափանիշներն ու որակները: Նրանց համոզմամբ՝ անկախ լրագրության ապագան կախված է ոչ միայն տեխնոլոգիական հնարավորություններից, այլև կայուն և կենսունակ մեդիա էկոհամակարգերի ձևավորումից։
Մասնակիցների քննարկել են նաև ներառականության, բազմազանության, հանրային երկխոսության և հասարակական համախմբվածության թեմաները։ Նրանք կարծիք են արտահայտել, որ ժամանակակից մեդիան կարևոր դեր ունի ոչ միայն տեղեկատվության տարածման, այլև հասարակությունների միջև փոխըմբռնման, հանրային բանավեճի խթանման և ժողովրդավարական մշակույթի զարգացման գործում։
Երկօրյա քննարկումների արդյունքում ձևավորված հիմնական ուղերձներից մեկն այն էր, որ տեղեկատվական միջավայրի առջև ծառացած մարտահրավերները գնալով դառնում են ավելի բարդ և փոխկապակցված։ Արհեստական բանականության զարգացումը, ապատեղեկատվության տարածումը, աշխարհաքաղաքական հակասությունների խորացումը և հասարակությունների բևեռացումը պահանջում են համապարփակ և երկարաժամկետ մոտեցումներ, որոնցում առանցքային դեր ունեն ինչպես լրատվամիջոցները, այնպես էլ պետական կառույցները, տեխնոլոգիական ընկերություններն ու քաղաքացիական հասարակությունը։
Ֆորումը ցույց տվեց, որ արագ փոփոխվող աշխարհում որակյալ լրագրությունը շարունակում է մնալ հանրային վստահության, ժողովրդավարական արժեքների և տեղեկացված հասարակությունների ձևավորման կարևորագույն հենասյուներից մեկը։
Գլոբալ մեդիա ֆորումն անցկացվել է հունիսի 23-24-ը: