Ճանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքով
1 րոպեի ընթերցում

Երևանում Վարդավառն այս տարի նշվելու է նոր ձևաչափով։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը նշեց, որ տոնը հուլիսի 12-ին նշվելու է բավական հագեցած ծրագրով։
«Հանրապետության հրապարակում սպասվում է համերգային ծրագիր հայտնի արտիստների, արտասահմանյան դիջեյների մասնակցությամբ։ Այս տոնը սիրելի է, և այսպես թե այնպես բավական ակտիվությամբ մեր երկրում նշվում է, սակայն այս տարի Երևանում այն կնշենք նոր ձևաչափով։ Կարծում եմ, որ զբոսաշրջային մեծ հոսք կլինի և այն կդառնա մեր այցեքարտերից մեկը՝ նոր որակով»,-ասաց Լևոն Հովհաննիսյանը։
Միջոցառման մեկնարկը կլինի ժամը 12։00-ին, համերգային ծրագրից զատ լինելու են ջրային գոտիներ, մրցութային ծրագրեր։ Երեխաների համար լինելու են առանձնացված ջրային գոտիներ, որպեսզի իրենց ժամանակն անցկացնեն ավելի ապահով միջավայրում։ Կլինեն շարժական սննդի կետեր։
«Մենք այդ օրը որևէ տեղ, որևէ բան չենք արգելելու, չենք սահմանափակելու, պարզապես Հանրապետության հրապարակում ավելի մասշտաբային կտոնվի։ Վստահեցնում ենք, կլինի ավելի շատ ջուր, ավելի շատ թաց մարդ, հետաքրքիր ծրագիր՝ լավ ժամանակ անցկացնելու համար»,-ասաց Լևոն Հովհաննիսյանը։
