Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
1 րոպեի ընթերցում

Ինդոնեզիայի կենտրոնում տեղի ունեցած 6,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով կա 1 զոհ, 70-ից ավելի վիրավոր։ Ավելի քան 840 բնակելի շենք և այլ կառույցներ վնասվել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Antara լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Տարերային աղետների հետևանքների մեղմացման ազգային գործակալությանը:
Գործակալության տվյալներով՝ վնասվել է 841 բնակելի շենք, երկու գրասենյակային շենք, 15 կրոնական կառույց, արդյունաբերական ձեռնարկություն և կամուրջ:
Երկրաշարժը տեղի է ունեցել Սուլավեսի կղզու մոտ, հունիսի 16-ին։ Antara-ի տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 76-ը տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել: Տուժած շրջանների բնակիչներին ցուցաբերվում է բժշկական օգնություն, նրանց ապահովում են անհրաժեշտ պարագաներով:
Ավելի վաղ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել է, որ 6,7 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սուլավեսիի Պալու քաղաքից 46 կիլոմետր հարավ-արևելք։ Օջախն ընկած է եղել 10 կիլոմետր խորության վրա։ Սեյսմոլոգները գրանցել են ավելի քան 460 հետցնցում՝ 1,3-ից մինչև 5,2 մագնիտուդով: