Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
3 րոպեի ընթերցում

Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլին դատապարտել է 30 տարվա բանտարկության՝ Փհենյան անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) ուղարկելու համար՝ ռազմական դրություն հայտարարելու պատրվակ ստեղծելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։
Սեուլի Կենտրոնական շրջանային դատարանը Յուն Սոկ Յոլին մեղավոր է ճանաչել հակառակորդին օգնելու և իշխանությունը չարաշահելու համար։ Հակառակորդին օգնության հոդվածն օգտագործվում է, եթե ռազմական ոլորտում Կորեայի Հանրապետության շահերին վնաս է հասցվել նույնիսկ առանց ԿԺԴՀ-ի հետ ուղղակի նախահամաձայնության։
2024 թ. աշնանը Հարավային Կորեայի տարածքից արձակվել է մի քանի անօդաչու սարք, որոնք թռուցիկներ են տարածել Փհենյանի շրջակայքում։ Դրանցից առնվազն մեկը կործանվել է և հայտնվել հյուսիսկորեացի ինժեներների ձեռքում։
30 տարվա ազատազրկման է դատապարտվել նաև նախկին պաշտպանության նախարար Կիմ Յոն-Հյունը՝ այդ գործողություններում իր դերակատարման համար։ Անօդաչուների գործողությունների հրամանատարության նախկին ղեկավարն էլ դատապարտվել է 3 տարվա ազատազրկման։
«Չնայած այդ գործողության պատճառով ռազմական ոլորտի շահերին պատճառված վնասի մակարդակն, ինչպես թվում է, լուրջ չի եղել, ամբաստանյալները փորձել են սադրել Հյուսիսային Կորեային՝ որպես քողարկում օգտագործելով ռազմական գործողությունը՝ ռազմական դրություն հայտարարելու պայմաններ ստեղծելու նպատակով», - նշել է դատավորը։
«Այդ գործողությունը չի կարելի դիտել որպես արդարացի պատասխան Հյուսիսային Կորեայից աղբով փուչիկների արձակմանը. այն կատարվել է անձնական դրդապատճառներով, որոնք կապված չեն պետական անվտանգության կամ պաշտպանության հետ», - հավելել է դատարանը:
2024 թ. ամռանը և գարնանը Հյուսիսային Կորեայի տարածքից արձակվել են աղբով փուչիկներ՝ ի պատասխան ակտիվիստների կողմից քարոզչական թռուցիկների ուղարկման:
2024 թ. դեկտեմբերին այդ ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցնող Յուն Սոկ Յոլը սահմանադրության խախտմամբ հայտարարել է ռազմական դրություն, ինչի համար հետագայում նրան հեռացրել են իշխանությունից: 2025 թ. փետրվարին առաջին ատյանի դատարանը Յուն Սոկ Յոլին դատապարտել է ցմահ բանտարկության՝ պետական համակարգի դեմ խռովության համար։