NASA-ն հայտարարել է այս տարի դեպի Լուսին երեք անօդաչու առաքելությունների մասին

5 րոպեի ընթերցում

Ամերիկյան ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ NASA-ն հայտարարել է այս տարի դեպի Լուսին երեք անօդաչու առաքելություն իրականացնելու ծրագրերի մասին։ Այդպիսով, ԱՄՆ-ն առաջին քայլերն է անում Լուսնի մակերևույթի վրա մշտական ​​կայան ստեղծելու ուղղությամբ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ռոբոտացված առաքելությունների ընթացքում NASA-ն նախատեսում է հետախուզել Լուսնի հարավային բևեռը, հավաքել գիտական ​​տվյալներ, փորձարկել տեխնոլոգիաներն ու նախապատրաստվել Լուսնի մակերևույթ տիեզերագնացների վերադարձին։

NASA-ի ղեկավար Ջարեդ Այզեքմանը մայիսի 26-ի ասուլիսին հայտարարել է, որ «Լուսնային կայան 1», «Լուսնային կայան 2» և «Լուսնային կայան 3» անվանումները ստացած նոր առաքելությունների մեկնարկը նախատեսված է մինչև այս տարվա վերջը։ Ընդ որում, առաջինը նախատեսված է աշնանից ոչ շուտ։

Ամերիկացի միլիարդատեր Ջեֆ Բեզոսի Blue Origin ընկերությունը կարևոր դեր կխաղա առաջին առաքելության ժամանակ. NASA-ն ընկերության հետ պայմանագիր է կնքել Լուսին գիտական ​​և տեխնոլոգիական երկու բեռ տեղափոխելու համար՝ օգտագործելով Blue Origin-ի լուսնային վայրէջքի սարքը։

«Լուսնային կայան 1»-ը կդառնա մասնավոր ֆինանսավորմամբ պատմության մեջ առաջին լուսնային առաքելությունը», - նշել է Այզեքմանը։

Անդրադառնալով «Լուսնային կայան 2»-ին՝ NASA-ի ղեկավարը հայտնել է, որ Փենսիլվանիայում հիմնված Astrobotic ընկերության կառուցած վայրէջքի սարքը Լուսնի մակերևույթ կհասցնի ավելի քան 450 կիլոգրամ բեռ և մարսագնաց։

Իսկ արդեն «Լուսնային կայան 3» առաքելությունը լինելու է գերազանցապես գիտական. ծրագիրը նախատեսում է ուսումնասիրել այսպես կոչված «լուսնամրրիկները»` Լուսնի մակերևույթի կազմավորումները, որոնք Երկրի բնական արբանյակի լոկալ մագնիսական դաշտերի շնորհիվ խուսափել են գրունտի` արևային քամիների պատճառով հողմահարվելուց։ Դրա հետևանքով այդ հատվածները ավելի պայծառ են, քան շրջակա միջավայրը։

Այզեքմանը հայտնել է, որ այս առաքելությունը նաև կտեղափոխի Եվրոպական տիեզերական գործակալության և Կորեայի տիեզերական գործակալության բեռները՝ «ցույց տալով, որ Լուսնի ուսումնասիրության ապագան միջազգային ջանք է»։

Հայտարարված երեք առաքելություններն էլ NASA-ի՝ լուսնային կայան ստեղծելու երկարաժամկետ ծրագրի առաջին փուլի մասն են։ Նախնական փուլը, ենթադրաբար, կտևի մինչև 2029 թվականը և ներառում է անօդաչու առաքելությունների հավակնոտ ծրագիրը։

«Օրինակ, առաջին փուլում կլինի 25 թռիչք, 21 լուսնային վայրէջք, և մենք նախատեսում ենք մոտ 4 տոննա բեռ հասցնել Լուսնի մակերևույթ», - ճեպազրույցի ժամանակ ասել է NASA-ի լուսնային կայանի ծրագրի ղեկավար Կառլոս Գարսիա-Գալանը։

Երկրորդ փուլի ընթացքում՝ 2029-ից 2032 թվականներին, NASA-ն նախատեսում է ստեղծել կիսամշտական ​​կառույցներ՝ Լուսնի վաղ բնակեցմանը նպաստելու համար։

Երրորդ փուլի ընթացքում՝ սկսած 2032 թվականից, գործակալությունը նպատակ ունի մշտական ​​ներկայություն հաստատել Լուսնի մակերևույթին։ Գարսիա-Գալանը նշել է, որ լուսնային կայանը կարող է ծածկել «հարյուրավոր քառակուսի մղոններ»։ NASA-ի պաշտոնյաները նշում են, որ նախատեսում են կանոնավոր ռոտացիա Լուսնից ժամանող և մեկնող անձնակազմերի համար՝ Լուսնի վրա շարունակական գործողություններ իրականացնելով։

Նախորդ ամիս լուսնային «Արտեմիս 2» առաքելությունը չորս տիեզերագնաց ուղարկեց Երկրի և Լուսնի շուրջ 10-օրյա ճանապարհորդության, որը մարդու մասնակցությամբ NASA-ի առաջին լուսնային առաքելությունն էր ավելի քան 50 տարվա ընթացքում։

NASA-ն ծրագրում է արդեն 2027 թվականին մեկնարկել «Արտեմիս 3» առաքելությունը՝ Երկրի ցածր ուղեծրում տեխնոլոգիական ցուցադրություններ անցկացնելու համար՝ օգտագործելով Blue Origin-ի և SpaceX-ի կողմից մշակվող լուսնային վայրէջքային սարքերից մեկը կամ երկուսը։ Հաջողության դեպքում NASA-ն նախատեսում է 2028 թվականին իրականացնել «Արտեմիս 4» առաքելությունը, որի ընթացքում արդեն աստրոնավտները վայրէջք կկատարեն Լուսնի վրա։

Հայերեն Русский

Շառլ դը Գոլն իր երկրին վերադարձրեց պատիվը. Սիմոն Աբգարյանը՝ նոր ֆիլմի, «Ոսկե ծիրան»-ին մասնակցության մասին

Իննսուն ֆիլմ՝ քառասուն երկրից. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը

Մեկ շաբաթում պարեկների գործունեության արդյունքում հայտնաբերվել է ոչ սթափ 528 վարորդ

Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս

Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայի ՀՕՊ-ի ամրապնդումն ու եվրոպական հակաբալիստիկ համակարգի զարգացումը

ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները

«Ռիգա»-ն կգնա խաղաոճի փոփոխության. Մանուել Տուլիպա

Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա

Ամեն ինչ անելու ենք «Արարատ-Արմենիա»-ի ու երկրի պատիվը բարձր պահելու համար. Խուլիո Բուենո