Ռուսաստան

Պուտինը Պեկին այցից առաջ տեսաուղերձով է հանդես եկել

3 րոպեի ընթերցում

Պուտինը Պեկին այցից առաջ տեսաուղերձով է հանդես եկել

Չինաստան պաշտոնական այցից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Չինաստանի բարեկամությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ, և որ երկու երկրի հարաբերությունները կայունացնող դեր են խաղում համաշխարհային ասպարեզում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պուտինի տեսաուղերձը հրապարակվել է Կրեմլի կայքում։

Պուտինը հայտարարել է, որ ներկայում ռուս-չինական հարաբերությունները հասել են «իրապես աննախադեպ մակարդակի». կողմերը միմյանց աջակցում են երկու երկրի շահերին վերաբերող հարցերում, այդ թվում՝ ինքնիշխանության և պետական միասնության պաշտպանության հարցում, ակտիվորեն զարգացնում են կապերը քաղաքականության, տնտեսության և պաշտպանության ոլորտներում, ընդլայնում են մարդասիրական փոխանակումները և խրախուսում միջանձնային հաղորդակցությունը։ ՌԴ նախագահի խոսքով՝ հենց այս հարցերն են լինելու Պեկինում նախատեսվող բանակցությունների օրակարգում։

Նա բարձր է գնահատել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի տրամադրվածությունը՝ երկարաժամկետ հեռանկարում համագործակցելու Ռուսաստանի հետ։

«Ռուս-չինական սերտ ռազմավարական դաշինքը կարևոր, կայունացնող դեր է խաղում համաշխարհային ասպարեզում։ Ընդ որում, մեր բարեկամությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ, այլ աշխատում ենք խաղաղության և համընդհանուր բարգավաճման համար։ Հենց այս տրամաբանությամբ են Մոսկվան և Պեկինը համակարգված կերպով աշխատում պաշտպանել միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրության դրույթներն՝ իրենց ամբողջականությամբ, համապարփակությամբ և փոխկապակցվածությամբ, և ակտիվ համագործակցություն են պահպանում ՄԱԿ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության, BRICS-ի և այլ բազմակողմ կառույցների միջոցով՝ զգալի ներդրում ունենալով համաշխարհային և տարածաշրջանային հրատապ խնդիրների լուծման գործում», - նշել է Պուտինը։

«Վստահ եմ, որ միասին կշարունակենք անել հնարավոր ամեն ինչ՝ ռուս-չինական գործընկերությունը և բարիդրացիական հարաբերությունները խորացնելու համար՝ մեր երկու երկրի դինամիկ զարգացման և մեր ժողովուրդների բարեկեցության, համաշխարհային անվտանգության և կայունության պահպանման շահերից ելնելով», - ընդգծել է Ռուսաստանի նախագահը։

Պուտինը նաև ընդգծել է, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը վաղուց գերազանցել է 200 միլիարդ դոլարը, և որ փոխադարձ հաշվարկները գրեթե ամբողջությամբ իրականացվում են ռուբլով կամ յուանով։ Նա նաև ողջունել է երկու երկրի միջև առանց վիզայի ռեժիմի փոխադարձ սահմանումը։

Ռուսաստանի նախագահի պաշտոնական այցը Չինաստան տեղի կունենա մայիսի 19-20-ը։

Ավելի վաղ՝ մայիսի 13-15-ը, պետական այցով Չինաստանում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում