Տնտեսություն

Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է «Վայլդբերրիզ»-ում ապրանքների վաճառքի համար պահանջվող փաստաթղթերի նոր կարգը

2 րոպեի ընթերցում

Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է «Վայլդբերրիզ»-ում ապրանքների վաճառքի համար պահանջվող փաստաթղթերի նոր կարգը

Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացրել է, որ այսուհետ «Վայլդբերրիզ» էլեկտրոնային առևտրային հարթակի միջոցով Հայաստանում և ԵԱՏՄ անդամ երկրներում արտադրված ապրանքների վաճառքի համար անհրաժեշտ է ունենալ ծագման սերտիֆիկատ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարությունը նշել է, որ փաստաթուղթը հնարավոր է ձեռք բերել ՀՀ առևտրաարդյուբերական պալատում։ 

Գերատեսչության պարզաբանմամբ՝ սերտիֆիկացման ենթակա ապրանքների դեպքում անհրաժեշտ են նաև համապատասխանության սերտիֆիկատ և որակի հայտարարագիր, որոնք կարելի է ստանալ համապատասխան սերտիֆիկացման մարմիններից։

Այլ ապրանքների դեպքում, բացի ծագման սերտիֆիկատից, կարող են օգտագործվել նաև ապրանքի ծագումը հաստատող այլ փաստաթղթեր՝ հաշիվ-ապրանքագիր (invoice), լուսանկարներ, օգտագործման հրահանգ, ապրանքի նկարագրություն կամ այլ հիմնավորող փաստաթղթեր։

ԵԱՏՄ-ից դուրս արտադրված ապրանքների համար պահանջվում է մաքսային հայտարարագիր։

Էկոնոմիկայի նախարարությունը նաև կոչ է արել գործարարներին նախապես սկսել անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումը՝ գործընթացը սահուն կազմակերպելու համար։

Փաստաթղթերի հետ կապված հարցերի դեպքում վաճառողները կարող են դիմել «Վայլդբերրիզ»-ի տեխնիկական սպասարկման կենտրոն՝ վաճառողների պորտալի միջոցով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում