Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները խորհրդակցություններ են անցկացրել
1 րոպեի ընթերցում
«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում կայացել են Հայաստանի Հանրապետության և Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ` ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարության Եվրաատլանտյան վարչության գլխավոր տնօրեն Սարի Ռաուտիոյի գլխավորությամբ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև շարունակաբար ընդլայնվող քաղաքական երկխոսությունը։
Անդրադարձ է կատարվել երկկողմ ոլորտային համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի, այդ թվում՝ առևտրատնտեսական, անվտանգային, բարձր տեխնոլոգիաների, ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում փոխգործակցությանը:
Ընդգծվել է ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնումն ու ԵՄ շրջանակներում Հայաստանի և Ֆինլանդիայի միջև համագործակցության խորացումը:
Մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալըզրուցակցին է ներկայացրել Հարավային Կովկասում իրավիճակն՝ անդրադառնալով խաղաղության ինստիտուցիոնալացման և փոխկապակցվածության զարգացման հարցերին: