Քաղաքականություն

Հայաստանը հիմա ունի բոլորովին ուրիշ աշխարհագրական դիրք, քան ունեցել է նախկինում. վարչապետ

3 րոպեի ընթերցում

Հայաստանը հիմա ունի բոլորովին ուրիշ աշխարհագրական դիրք, քան ունեցել է նախկինում. վարչապետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» համաժողովում ունեցած ելույթի ընթացքում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանի աշխարհագրական դիրքի ընկալումը էապես փոխվել է՝ վերափոխելով երկրի ռազմավարական դերակատարությունը տարածաշրջանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը նշել է, որ չնայած Հայաստանը շարունակում է գտնվել նույն աշխարհագրական վայրում, նրա դիրքի ընկալումն ու նշանակությունը դարձել են բոլորովին այլ։

«Գտնվելով միևնույն տեղում՝ մենք հիմա ունենք բոլորովին ուրիշ աշխարհագրական դիրք, քան ունեցել ենք նախկինում»,-նշել է Փաշինյանը։

Նա հիշեցրել է, որ նախկինում տարածված ընկալմամբ Հայաստանը դիտարկվում էր որպես բարդ տարածաշրջանում գտնվող երկիր՝ խնդրահարույց հարևանությամբ և անվտանգային ռիսկերով, ինչը երկար ժամանակ ձևավորել է երկրի քաղաքական և ռազմավարական մտածողությունը։

«Այսօր տեղի է ունեցել իրապես պատմական փոփոխություն։ Հայաստանի աշխարհագրական դիրքի նկարագրությունն այլևս այն չէ, որ գտնվում ենք խնդրահարույց միջավայրում, այլ այն, որ Հայաստանի Հանրապետությամբ է անցնում Արևելքը Արևմուտքին կապող ամենակարճ ճանապարհը»-ընդգծել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ այս նոր ընկալումը ձևավորում է Հայաստանի զարգացման նոր տեսլական և ռազմավարություն։

Նա նշել է, որ կառավարության քաղաքականությունը կառուցվում է հենց այդ տրամաբանության վրա՝ նպատակ ունենալով իրացնել երկրի փոխկապակցվածության ներուժը։

Վարչապետը ներկայացրել է այդ ռազմավարության առանցքային երկու նախագծերը՝ «Խաղաղության խաչմերուկ»-ը և «TRIPP»-ը։

««TRIPP» նախագիծը առաջին հերթին ենթադրում է երկաթուղային կապի վերականգնում Արևելքի և Արևմուտքի միջև»,-ասել է նա՝ հավելելով, որ նախագծի հիմնական ուղղություններից մեկը Հայաստանի հարավով անցնող երթուղին է։

Միաժամանակ վարչապետը նշել է, որ խոսքը միայն երկաթուղու մասին չէ։

«Այս նախագծերը ներառում են նաև էլեկտրահաղորդման գծեր, նավթատար և գազատար խողովակաշարեր, որոնք կարող են անցնել Հայաստանի տարածքով՝ կախված տեխնիկական և ինժեներական լուծումներից»,-ընդգծել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ներկայում կառավարությունը կենտրոնացած է այդ ներուժի իրացման վրա՝ Հայաստանը դարձնելով տարածաշրջանային կապերի կարևոր հարթակ։

Վարչապետը նաև անդրադարձել է ներդրումային միջավայրին՝ նշելով, որ վերջին զարգացումների արդյունքում Հայաստանի դիրքը զգալիորեն բարելավվել է։

«Այսօր Հայաստանը գտնվում է մի աշխարհագրական դիրքում, որտեղ ներդրումային միջավայրը էականորեն փոխվում է»,-նշել է նա՝ ընդգծելով, որ դա հնարավոր է դարձել տարածաշրջանում ձևավորվող խաղաղության պայմաններում։

Փաշինյանի խոսքով՝ այդ գործընթացում կարևոր դեր են ունեցել նաև միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի աջակցությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում