Ծանրորդ Վարազդատ Լալայանը դարձավ Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր
1 րոպեի ընթերցում

Ծանրամարտի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի ու աշխարհի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանն իր երրորդ ոսկե մեդալը նվաճեց Եվրոպայի առաջնություններում:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը պայքարի մեջ մտան գերծանր քաշային ծանրորդները:
Հայաստանի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում բարձրացրեց 200 կգ ու 210 կգ: Այս ձևում նա առաջին հորիզոնականում է: Հրում վարժությունում նա նորից առաջինն էր 241 կգ քաշով:
Երկամարտի 451 կգ արդյունքով` Վարազդատ Լալայանը դարձավ Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր:
Ավելի վաղ Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր էին դարձել Էմմա Պողոսյանը ու Գարիկ Կարապետյանը, արծաթե մեդալակիրներ էին դարձել Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Գոռ Սահակյանն ու Արա Աղանյանը: Բրոնզե մեդալ է նվաճել Մարտին Պողոսյանը: Աննա Ամրոյանն էլ ոսկե մեդալակիր էր դարձել հրում վարժությունում, իսկ Լիանա Գյուրջյանը` արծաթե: