Հայաստան

Բերդ խոշորացված համայնքի Չինչին բնակավայրը առաջին անգամ իր պատմության մեջ ասֆալտապատ ճանապարհ ունի. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Բերդ խոշորացված համայնքի Չինչին բնակավայրը առաջին անգամ իր պատմության մեջ ասֆալտապատ ճանապարհ ունի. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում մեքենայով շրջել է Բերդ խոշորացված համայնքի Չինչին բնակավայրի նոր ասֆալտապատված ճանապարհով:

‹‹Արմենպրես››-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ‹‹Ֆեյսբուք››-ի իր էջում՝ ընդգծելով, որ հիմնանորոգման արդյունքում Չինչին բնակավայրը առաջին անգամ իր պատմության մեջ ասֆալտապատ ճանապարհ ունի:

Վարչապետի բնորոշմամբ՝ գյուղը նախկինում երբեք ասֆալտապատ ճանապարհ չի ունեցել, իսկ գյուղացիները կարողացել են օգտվել միայն գրունտային ճանապարհից:

‹‹Եթե չեմ սխալվում, ճանապարհն ավարտին է հասցվել 2024 թվականի վերջին կամ 2025 թվականի սկզբին: Կարծում եմ, որ սա ոչ միայն գյուղի, այլև բոլորիս համար պատմական իրադարձություն է››,-նշել է վարչապետը:

Վարչապետը հայտնել է, որ ՀՀ կառավարությունն այս պահին ինտերնետային կապ ապահովող ընկերությունների հետ զբաղվում է Թթուջուր-Նավուր և Գանձաքար-Իծաքար հատվածում պատշաճ ինտերնետային կապ ապահովելու ուղղությամբ: Փաշինյանը շեշտել է, որ Կառավարությունը վերոնշյալ երկու ճանապարհահատվածի համար սպասում է ներդրումային ծրագրերի:

Վարչապետը նշել է, որ իր համար առնվազն բարոյական արժեքով Թթուջուր-Նավուր և Գանձաքար-Իծաքարը ճանապարհահատվածները Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու նման նշանակություն ունի:

Վարչապետ Փաշինյանը նաև հայտնել է, որ առաջիկայում կմեկնարկի Նավուր բնակավայրի ճանապարհի շինարարությունը:

Երկրի ղեկավարը չնախատեսված կանգառ է կատարել նաև Նավուր բնակավայրում:

Նիկոլ Փաշինյանը տեսանյութում ցուցադրել է նաև Բերդի Իծաքար և Իջևանի Գանձաքար բնակավայրերն իրար կապող շուրջ 35 կիլոմետրանոց ճանապարհը, որը ևս առաջին անգամ է ասֆալտապատվել:

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում