Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն
1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի իշխանությունները պատրաստ են կազմակերպել միջազգային համաժողով՝ ի աջակցություն Լիբանանի, որը հնարավորություն կտա միջոցներ հայթայթել երկրին օգնելու համար։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Նիկոսիայում Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Երբ Լիբանանը նպատակահարմար համարի, Ֆրանսիան պատրաստ է կազմակերպել համաժողով, որը կմոբիլիզացնի բոլոր մասնակիցներին՝ Լիբանանի ինքնիշխանության վերականգնմանը նպաստելու համար։ Այս համաժողովը կկենտրոնանա ինչպես Լիբանանի զինված ուժերի աջակցության, այնպես էլ երկրի հարավի վերականգնման վրա։ Այս նպատակներն անքակտելիորեն կապված են», - նշել է Մակրոնը։
Նրա խոսքով՝ «համաժողովը հնարավորություն կտա ներգրավել լրացուցիչ եվրոպական ֆինանսավորում»՝ Լիբանանին օգնելու համար։
«Ֆրանսիան և Կիպրոսն աջակցում են Եվրամիության և Լիբանանի միջև գործընկերության համաձայնագրի գաղափարին, որը կարող է պաշտոնականացվել այդ համաժողովի շրջանակում», - ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։