Վենետիկում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը

5 րոպեի ընթերցում

Հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական  միջոցառումների շրջանակում Վենետիկի Դորսոդուրո N2266 հասցեում՝ այն տանը,  որտեղ ապրել է Իսահակյանը, տեղի է ունեցել վարպետի մասին պատմող հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը։

Իտալիայում ՀՀ դեսպանության և Վենետիկում պատվո հյուպատոսության կողմից կազմակերպված միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Վենետիկի պրեֆեկտ Դարկո Պելլոսը, Վենետիկի փոխքաղաքապետ Սիմոնե Վենտուրինին, ինչպես նաև համայնքի անդամներ։

Գաղափարն իրականություն է դարձել ԿԳՄՍ և Արտաքին գործերի նախարարությունների համատեղ ջանքերով՝ Վենետիկի հյուպատոսարանի աջակցությամբ, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի և Վենետիկի հյուպատոսարանի կազմակերպմամբ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է. 

«Մեծ պատիվ է այսօր գտնվել Վենետիկում՝ մի քաղաքում, որը դարեր շարունակ եղել է մշակույթների, գաղափարների և ժողովուրդների հանդիպման վայր։ Այսօր այստեղ հավաքվել ենք՝ արժևորելու հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի հիշատակը և բացելու հուշատախտակ այն տանը, որտեղ նա ապրել է։ Անցնող տարում մի շարք միջոցառումներով հիշատակեցինք մեր մեծագույն բանաստեղծի 150-ամյակը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իրականացրել է հոբելյանական բազմաթիվ միջոցառումներ՝ Հայաստանում և արտերկրում արժևորելով Ավետիք Իսահակյանի գրական ու մշակութային ժառանգությունը։ Անցած տարի մարտին Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ևս տեղադրել ենք հուշատախտակ՝ ի հիշատակ գրողի»:

Նրա ընդգծմամբ՝ Հայաստանի և Իտալիայի ժողովուրդներին դարեր շարունակ միավորել են մշակութային ու պատմական խոր կապերը, և մեր մտավորականներն ու մշակութային գործիչները, այդ թվում՝ Ավետիք Իսահակյանը, այս քաղաքում իրենց ներկայությամբ ամրապնդել են երկու երկրների բարեկամությունը:

Դեսպան Կարապետյանը նշել է, որ Վենետիկում Ավետիք Իսահակյանի հուշատախտակի բացումը կարևոր մշակութային իրադարձություն է, որը հարգանքի տուրք է մեծ գրողի հիշատակին և միաժամանակ նոր վկայություն՝ հայ-իտալական մշակութային կապերի ամրության ու շարունակականության մասին։

Վարպետի մասին պատմող հուշատախտակը խորհրդանշում է երկու երկրների միջև մշակութային երկխոսությունը։ Հուշատախտակի վրա ուրվագծվում է Ռիալտոյի կամուրջը, որը Ավ․ Իսահակյանի լավագույն բանաստեղծություններից մեկի՝ «Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամուրջին․․․», խորհրդանիշն է և վարպետի սիրելի ճարտարապետական կառույցներից մեկի՝ Երերույքի տաճարի զարդանախշը։ Հուշատախտակի վրա եղած QR կոդով այցելուները կարող են տեսնել «Իսահակյանը և Վենետիկը» տեսանյութը։ Հուշատախտակի ճարտարապետը Հայկ Ասատրյանն է։

Այս տանը, որտեղ տեղադրվում է հուշատախտակը, վարպետն ընտանիքով ապրել և ստեղծագործել է 6 տարի՝ 1921-1926 թթ․։ Պահպանվել են Իսահակյանի որդու՝ Վիգեն Իսահակյանի հուշերը․ 

«Դորսոդուրո փողոցում գտնվող այս տունը` N 2266, որտեղ ապրեցինք վեց տարի, պարտեզով շրջապատված մի հին առանձնատուն էր, որը Վենետիկի համար հազվագյուտ բան էր: Պատկանում էր հինավուրց վենետիկյան Դե Մարքիների ազնվական ընտանիքին։ Հորս աշխատասենյակը երկրորդ հարկում էր, նայում էր պարտեզին: Աղավնիները գալիս էին, նստում պատուհանի եզրին և ղունղունում, ուտելիք պահանջում։ Սենյակում էին հորս գրասեղանը և թախտը։ Հայրս պատին ամրացրել էր Հայաստանի քարտեզը և իր սիրելի մոր՝ Ապլայի պատկերը: Այս սեղանին հայրս գրեց իր ստեղծագործություններից մի քանի ընտիր գոհարներ, ինչպիսիք են՝ «Ռավեննայում» կամ էլ «Հայրենիքիս»․․․ Այդ գրասեղանին գրեց իր անկրկնելի «Լիլիթը», նաև մի սիրային բանաստեղծություն` ներշնչված Ռիալտո կամրջին հանդիպած մի անծանոթ վենետիկուհով, մշակեց «Սասմա Մհեր» պոեմը: Հրապարակեց բանաստեղծական մի նոր ժողովածու՝ «Աշնան ծաղիկներ» վերնագրով: Հորս ստեղծագործական կրակը կարծես նորից արթնացել էր»։

Վենետիկում ապրած տարիներին այստեղ հյուրընկալվել են հայ մշակույթի մեծերը՝ Մարտիրոս Սարյանն ու Եղիշե Չարենցը։

Մշակութային երկխոսությունը կշարունակվի վարպետի՝ թանգարան դարձած երևանյան առանձնատանը, որի գեղեցիկ այգում ֆրանսահայ քանդակագործ Հարութ Եկմալյանի նախագծով և խորհրդատվությամբ, Երևանի թիվ 4 արհեստագործական քոլեջի հետ համագործակցությամբ կտեղադրվի Ռիալտոյի կամուրջի տեսքով նստարան, և այցելուները հնարավորություն կունենան բանաստեղծությունն ընթերցել նստարանի վրա՝ իտալերեն և հայերեն «Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամուրջին․․․»:

Հայերեն العربية Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ