Մշակույթ

Ընթացիկ տարում հայկական պատվիրակությունները կմասնակցեն Ղազախստանում կայանալիք մի շարք կարևոր միջոցառումներին

2 րոպեի ընթերցում

Ընթացիկ տարում հայկական պատվիրակությունները կմասնակցեն  Ղազախստանում կայանալիք մի շարք կարևոր միջոցառումներին

Ագարակի մշակույթի տան հարակից տարածքում կայացավ Արտէքսպո ցուցահանդեսը, որի շրջանակում Հայաստան ժամանած ԱՊՀ պետությունների պատվիրակություններն իրենց երկրներին հատկացված տաղավարներում ներկայացրին ժողովրդական մշակութային գործեր, իրեր և ապրանքներ։ 

«Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց Ղազախստանի մշակույթի և ինֆորմացիայի փոխնախարար Այբեկ Սիդիկովի հետ։ 

Ղազախ փոխնախարարը նշեց, որ մեր երկու երկրները վաղուց համագործակցում են ոչ միայն մշակութային-հումանիտար, այլև բազմաթիվ ոլորտներում։ Նա հիշեցրեց, որ անցյալ տարի Ղազախստանը Երևանում անցկացրեց ղազախական մշակույթի օրեր, իսկ 2024 թվականին Աստանայում ընդունեց հայկական պատվիրակությանը։

«Կան համագործակցության բազմաբնույթ ձևաչափեր նաև միջազգային հարթակներում։ Մենք մշտապես մասնակցում ենք համատեղ կազմակերպված փառատոններին ու համաժողովներին։ Հետայսու նույնպես ակտիվորեն զարգացնելու ենք համագործակցությունը։ Հայաստանի և ԱՊՀ մյուս երկրների գործընկերներին արդեն իսկ հրավիրել ենք մասնակցելու միջազգային մի շարք միջոցառումների, որոնք կայանալու են մեզ մոտ ընթացիկ տարում։ Օրինակ՝ դրանցից մեկը վերաբերելու է թյուրքական մշակութային ժառանգությանը»,- ասաց Սիդիկովը։

Նա հավելեց, որ առաջին անգամ է այցելում Հայաստան և պատմական իրադարձություն է համարում Մեղրի քաղաքն ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու որոշումը։

«Այցելել ենք մի շարք վայրեր, որտեղ կան հայկական մշակութային կոթողներ։ Կարծում եմ, որ օրինակ Մեղրու Սուրբ Հովհաննես եկեղեցին նույնպես պետք է ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում։ Միջնադարյան այդ եկեղեցին բացառիկ է իր մեծարժեք որմնանկարներով»,- ասաց Ղազախստանի մշակույթի և ինֆորմացիայի փոխնախարարը։

Նրա պնդմամբ՝ Հայաստանն ու Ղազախստանը կարևոր են ոչ միայն երկուստեք փոխհարաբերությունների զարգացման, այլև տարածաշրջանային համագործակցության խթանման առումով, քանի որ Կենտրոնական Ասիան և Անդրկովկասն ունեն աշխարհաքաղաքական կարևոր նշանակություն, ուստի տեղի երկրները պետք է օգտվեն այդ առավելությունից։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում