Կառավարության ֆինանսավորմամբ Տաշիր քաղաքում բժշկական կենտրոնի նոր շենք է կառուցվում

1 րոպեի ընթերցում

Լոռու մարզի Տաշիր համայնքում կառավարության ուղիղ ֆինանսավորմամբ կառուցվում է բժշկական կենտրոնի նոր շենք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Տաշիրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջայցի ժամանակ տեղեկացրեց Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը՝ անդրադառնալով համայնքում կառավարության ուղիղ ֆինանսավորմամբ և սուբվենցիայով իրականացվող խոշոր ծրագրերին։

«Շինարարությունը գտնվում է ավարտական փուլում։ Կառավարությունը 1 միլիարդ 600 միլիոն դրամ է ներդրել։ Նախկին շենքը բավականին անմխիթար վիճակում է գտնվում»,-ասաց Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ Տաշիր խոշորացված համայնքում նաև 5 նոր կրթահամալիր է կառուցվում։

Կառավարության համաֆինանսավորմամբ էլ իրականացվում են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման, փողոցների լուսավորության ցանցի անցկացման ծրագրեր

«Միայն Տաշիր քաղաքում 4 կիլոմետր 400 մետր լուսավորության համակարգ ենք անցկացրել»,-ընդգծել է մարզպետը։

 

 

 

 

Հայերեն Русский Türkçe