Հյուսիսային Կորեան մարտագլխիկ և էլեկտրամագնիսական զենքի համակարգ է փորձարկել
1 րոպեի ընթերցում

Փհենյանն այս շաբաթ անցկացրել է իր սպառազինությունների մի շարք կարևոր փորձարկումներ, այդ թվում՝ մարտավարական բալիստիկ հրթիռի մարտագլխիկի և էլեկտրամագնիսական զենքի համակարգի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:
«ԿԺԴՀ-ի ազգային պաշտպանության ակադեմիան և հրթիռաշինության գլխավոր վարչությունը ապրիլի 6-ին, 7-ին և 8-ին անցկացրել են էլեկտրամագնիսական զենքի համակարգի փորձարկում, մարտավարական բալիստիկ հրթիռի ցրող մարտագլխիկի՝ մարտական պայմաններում կիրառելիության և հզորության գնահատման փորձարկում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ապրիլի 8-ին հաղորդվել էր, որ հարավկորեացի զինվորականներն արձանագրել են մի քանի փոքր հեռահարության բալիստիկ հրթիռի արձակում Հյուսիսային Կորեայի տարածքից դեպի Ճապոնական ծով։
Հարավկորեացի զինվորականների գնահատմամբ՝ հրթիռներն անցել են մոտավորապես 240 կմ։ Սա այս տարի Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների չորրորդ արձակումն է։