Բարձր տեխնոլոգիաներ

Տոկիոյում մեկնարկած միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին ՀՀ ԲՏԱ նախարարությունը ներկայանում է «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարով

2 րոպեի ընթերցում

Տոկիոյում մեկնարկած միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին ՀՀ ԲՏԱ նախարարությունը ներկայանում է «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարով

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մեկնարկել է «Japan IT Week» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը, որտեղ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը առաջին անգամ ներկայանում է «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարով։  

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, հայկական պատվիրակության կազմում ընդգրկված են ոլորտային առաջատար կազմակերպություններ, որոնք Japan IT Week-ի շրջանակներում կցուցադրեն հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի ձեռքբերումները։ Ցուցահանդեսի բացմանը ներկա կլինի Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոնիկա Սիմոնյանը։ 

Ցուցահանդեսի շրջանակներում հայկական պատվիրակությունը ներկայացնում է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի վերջին զարգացումները, այդ թվում՝ Կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերը, պետություն-մասնավոր համագործակցության հաջողված նախաձեռնություններն ու հեռանկարային նախագծերը, հայկական տեխնոլոգիական ընկերությունների նորարարական լուծումները, արտադրատեսակներն ու մատուցվող ծառայությունները։

Japan IT Week-ին մասնակցության նպատակն է ստեղծել նոր գործարար կապեր ոլորտի առանցքային դերակատարների հետ և ընդլայնել համագործակցության շրջանակները։

Japan IT Week-ը Ասիայի տեղեկատվական տեխնոլոգիաների և թվային լուծումների խոշորագույն ցուցահանդեսներից է, որը միավորում է հազարավոր առաջատար տեխնոլոգիական ընկերությունների և ոլորտի միջազգային փորձագետների։

Միջոցառումն իրականացվում է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հետ համագործակցությամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում