Ադրբեջան

Վարչապետը Պուտինին հիշեցրել է ՌԴ ղեկավարության հայտարարությունները Ղարաբաղի վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

Վարչապետը Պուտինին հիշեցրել է ՌԴ ղեկավարության հայտարարությունները Ղարաբաղի վերաբերյալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է չշարունակի Ղարաբաղյան շարժումը՝ ընդգծելով, որ Երևանն ու Բաքուն արդեն փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում Փաշինյանը նշել է, որ Հայաստանի դիրքորոշումը հիմնված է արդեն ձևավորված նոր իրականության վրա։

«Մենք պետք է չշարունակենք Ղարաբաղյան շարժումը, որովհետև արդեն խաղաղություն է հաստատվել Հայաստանի և Ադրբեջանի միջև, և երկու երկրները ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունն ու ինքնիշխանությունը»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ այս մոտեցումը հիմնված է 1991 թվականի Ալմաթիի հռչակագիրի վրա։

«Դա նշանակում է, որ մենք ընդունում ենք, որ անկախ Հայաստանը 100 տոկոսով նույնական է Խորհրդային Հայաստանին, իսկ անկախ Ադրբեջանը՝ Խորհրդային Ադրբեջանին»,- նշել է Փաշինյանը։

Վարչապետը նաև ընդգծել է, որ այս մոտեցումը հիմք է տարածաշրջանում կայուն խաղաղության համար։

Միաժամանակ նա նշել է, որ Հայաստանը Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կազմում նաև այն բանից հետո, երբ այդ մասին հրապարակային հայտարարություններ են հնչել Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության կողմից։

«Այո, մենք ճանաչել ենք Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Բայց մենք դա արել ենք միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարությունը երկու անգամ հրապարակավ խոսել է այդ մասին»,- ասել է Փաշինյանը։

Փաշինյանը անդրադարձել է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ հարաբերություններին՝ ընդգծելով, որ 2022 թվականի իրադարձությունների ժամանակ կառույցի մեխանիզմները չեն գործել։

«Մենք հիմա չենք մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին, որովհետև չենք կարող մեր քաղաքացիներին բացատրել, թե ինչու կազմակերպությունը չի արձագանքել՝ ի հեճուկս իր պարտավորությունների»,- ասել է նա։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտարարել էր, որ 2022 թվականին Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո այն դարձել է Ադրբեջանի ներքին հարցը։

Նա նաև նշել էր, որ այդ հանգամանքը սահմանափակել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունի միջամտության հնարավորությունները։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում