ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը պայմանավորված է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններով․ Սարգիս Խանդանյան
3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գնահատմամբ՝ Հայաստանի ու Եվրոպական միության միջև հարաբերությունները երբևէ այսքան մոտ չեն եղել, և այդ հարաբերությունների խորացումը պայմանավորված է վերջին տարիներին ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խանդանյանն այս մասին ասել է Կովկասի ինստիտուտի կազմակերպած «Գործընկերությունը շարժման մեջ. Հայաստանը, ԵՄ-ն և երկու խորհրդարանների տեսլականը առավել սերտ ինտեգրման շուրջ» խորագրով պանելային քննարկման ժամանակ՝ ներկայացնելով ԵՄ-ի հետ հարաբերություններում Հայաստանի կառավարության մոտեցումները։
«Հայաստանի ու Եվրամիության միջև հարաբերությունները, որն առավել խորը և մոտ չեն եղել երբևէ, բնական գործընթաց է՝ նախևառաջ պայմանավորված Հայաստանի Հանրապետության՝ վերջին տարիների արտաքին քաղաքական առաջնահերթությամբ, խաղաղության հաստատմամբ, դրա առաջմղմամբ և տարածարջանային կայունության ու համագործակցության զարգացմամբ»,-ասաց Խանդանյանը։
ԱԺ պատգամավորի խոսքով՝ Եվրոպական միությունն ինքնին խաղաղության գործընթացի արդյունք է, և այս առումով ԵՄ-ն Հայաստանի համար գայթակղիչ մոդել է։
Սարգիս Խանդանյանի բնորոշմամբ՝ Հայաստանի ու ԵՄ-ի միջև 2025 թվականի դեկտեմբերին ստորագրված ռազմավարական օրակարգի շուրջ փաստաթուղթը նախանշում է բազմաթիվ կարճաժամկետ և միջնաժամկետ նպատակներ Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների խորացման տեսանկյունից։
ԱԺ պատգամավորը նաև մատնանշեց, որ վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում առկա ձեռքբերումները ևս ցույց են տալիս, որ ՀՀ-ԵՄ կապերի ռազմավարական բնույթը։
Այս համատեքստում Խանդանյանն առանձնանշեց ինչպես Եվրոպական միության դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում, այնպես էլ ԵՄ խաղաղության գործիքի կողմից Հայաստանին արդեն իսկ երկու անդամ տրամադրված ֆինանսական աջակցությունն, ինչպես նաև վիզաների ազատականացման գործընթացը։
«Այս ամենում ցանկանում եմ առանձնացնել նաև խորհրդարանական համագործակցության կարևորությանը, որովհետև այս բոլոր գործընթացներում այն եղել է կարևոր»,-ընդգծեց Սարգիս Խանդանյանը՝ հավելելով, որ Եվրոպական խորհրդարանի Եվրոպական ժողովրդական կուսակցության և Հայաստանի ազգային ժողովի համագործակցությունը գնալով խորանում է, քանի որ երկու կողմերն էլ կիսում են նույն արժեքները։