Հայաստան

ԵԺԿ փոխնախագահը կարծում է, որ ԵՄ-ն պետք է Հայաստանի կողքին լինի Իրանի շուրջ առկա անորոշ իրավիճակի պայմաններում

3 րոպեի ընթերցում

ԵԺԿ փոխնախագահը կարծում է, որ ԵՄ-ն պետք է Հայաստանի կողքին լինի Իրանի շուրջ առկա անորոշ իրավիճակի պայմաններում

Իրանի շուրջ առկա ճգնաժամը պոտենցիալ վտանգներով ու ռիսկերով է հղի նաև Հայաստանի համար, և այս պայմաններում Եվրոպական միությունը պետք է Հայաստանի կողքին լինի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կովկասի ինստիտուտի կազմակերպած «Գործընկերությունը շարժման մեջ. Հայաստանը, ԵՄ-ն և երկու խորհրդարանների տեսլականը առավել սերտ ինտեգրման շուրջ» խորագրով պանելային քննարկման ընթացքում նշեց Եվրոպական խորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի փոխնախագահ Ֆրանսուա-Խավիեր Բելամին։

Նա ընդգծեց, որ այսօր աշխարհում և, մասնավորապես, Մերձավոր Արևելքում տիրող լարված իրավիճակի ֆոնին Եվրոպական միությունը պետք է Հայաստանի կողքին լինի։

«Առկա իրավիճակում և, իհարկե, Իրանի շուրջ առկա ճգնաժամը, որը հղի է պոտենցիալ հետևանքներով և ռիսկերով նաև Հայաստանի համար, ցույց է տալիս, որ մենք պետք է Հայաստանի կողքին լինենք այս անորոշ ժամանակներում»,-ընդգծեց Բելամին։

Նա անդրադարձավ նաև Ադրբեջանում ապօրինի կերպով անազատության մեջ պահվող հայերի, ինչպես նաև Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության խնդիրներին՝ շեշտելով, որ այդ ուղղությամբ անհրաժեշտ է դիվանագիտական ջանքեր գործադրել։

«Իհարկե, այդ ամենից զատ, մենք տեսնում ենք, թե ինչ առաջընթաց է գրանցել հայ ժողովուրդն այս մի քանի տարվա ընթացքում։ Շնորհիվ գործադրված ջանքերի՝ Հայաստանն այսօր Եվրոպայի կենտրոն է դառնում»,-ասաց ԵԽ պատգամավորը։

Ֆրանսուա-Խավիեր Բելամին ընդգծեց, որ Եվրոպական խորհրդարանում պահպանվում են Հայաստանի շահերը, և նկատելի է, որ ԵՄ մյուս կառուցները ևս ապավինում են այդ օրակարգի իրականացմանը։

«Ժամանակն է, որ Հայաստանն ու Եվրամիությունն ամրապնդեն կապերն ու դրանք դարձնեն հարատև»,-ասաց ԵԽ պատգամավորը։

Նա նաև անդրադարձ կատարեց Հայաստանի՝ Եվրամիությանը հնարավոր անդամակցության թեմային՝ մատնանշելով, որ դա բավականին երկար գործընթաց է, սակայն, նույնիսկ անդամ չլինելու պարագայում երկու կողմերը կարող են ավելի ամրացնել առկա համագործակցությունը։ Այս համատեքստում նաև առանձնանշեց, օրինակ, Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններն ու հույս հայտնեց, որ դրանք հաջողությամբ կպսակվեն։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում