Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». Հենրիխ Մխիթարյանի գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, փետրվար, 2026

11 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր». Հենրիխ Մխիթարյանի գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, փետրվար, 2026

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ փետրվարի վաճառքների։

Ալեսանդրո Ալչատոյի և Հենրիխ Մխիթարյանի «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» գիրքն առաջին տեղում է։ Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլային ընտանիքից է, տաղանդն ու մասնագիտական ուղին կարծես ժառանգություն է ստացել։ Ծնվել է Հայաստանում, մեծացել Ֆրանսիայում, քանի որ հայրը՝ Համլետ Մխիթարյանը, խաղում էր Լիգա 2-ում։ Համլետ Մխիթարյանը եղել է հայկական ֆուտբոլի պատմության ամենաուժեղ հարձակվողներից։ Մահացել է ուղեղի քաղցկեղից, 33 տարեկանում, երբ Հենրիխն ընդամենը 7 տարեկան էր։

Երիտասարդ Հենրիխն արժանապատվորեն շարունակեց հոր ֆուտբոլային ուղին։ Թեպետ նրա մահից հետո որոշ ժամանակ չէր կարողանում մոտ գնալ գնդակին, սակայն ինքն իրեն խոստացավ հասնել այնտեղ, ուր հայրը չհասցրեց։

Ընդամենը 14 տարեկան էր, երբ մեկնեց Բրազիլիա՝ «Սան Պաուլո» ակումբում մարզվելու։ Այնտեղ զարգացրեց խաղային տեխնիկան, յուրացրեց ֆուտբոլի նոր՝ ստեղծագործական ոճ, սովորեց նոր լեզու՝ պորտուգալերեն։

Կարիերայի ընթացքում կրել է «Փյունիկի», «Մետալուրգի», «Շախտյորի», Դորտմունդի «Բորուսիայի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» մարզաշապիկները։ 2019-ին տեղափոխվել է Իտալիա. երեք տարի խաղացել է «Ռոմա» ակումբում, 2022-ի հուլիսի 2-ին պաշտոնապես միացել է Սիմոնե Ինձագիի գլխավորած «Ինտեր»-ին և անմիջապես դարձել «Ներաձուրրոների» հենասյուններից։

Գիրքը հուզիչ պատմություն է որդիական կարոտի և հոր՝ Համլետ Մխիթարյանի մասին, որի վաղաժամ կորուստը խորին հետք է թողել նրա կյանքում և շարժիչ ուժ դարձել։

Ռոբերտ Գրինի «Իշխանության 48 օրենքները» երկրորդ տեղում է։ Գիրքը ժամանակակից դասական է՝ քաղաքականության, հոգեբանության և ռազմավարության հատման սահմանագծում: Ռոբերտ Գրինը վերլուծում է իշխանության էությունը՝ բացահայտելով, թե ինչպես է այն գործում իրական կյանքում՝ անձնական և աշխատանքային հարաբերություններում, ինչպես նաև հասարակության բոլոր շերտերում՝ հին աշխարհի տիրակալներից մինչև նոր ժամանակների գործարարներ, քաղաքական գործիչներ ու արվեստագետներ: Յուրաքանչյուր օրենք ներկայացվում է պատմական կերպարների՝ Ալեքսանդր Մակեդոնացու, Կլեոպատրայի, Նապոլեոն Բոնապարտի, Օտտո Ֆոն Բիսմարկի, Իվան Ահեղի և այլ նշանավոր դեմքերի կյանքի օրինակներով՝ համեմված անվանի մտածողների և ռազմավարների ուսմունքներով, մասնավորապես՝ Մաքիավելիի, Սուն Ցզիի, Կոնֆուցիոսի, Նիցշեի և այլոց:

Երրորդ տեղում է Էրիկ Բեռնի «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ» գիրքը: Գիրք մարդկային հարաբերությունների հոգեբանության մասին։ Սա պարզ ու երբեմն նույնիսկ զվարճալի եղանակով ներկայացված գիտական տեսություն է, որը նույնքան օգտակար և կիրառելի է նաև սովորական մարդկանց համար, որոնք ցանկանում են հասկանալ, թե ինչ է կատարվում իրենց շուրջը։ Հեղինակը պնդում է, որ յուրաքանչյուրիս ներսում երեք ԵՍ կա՝ Մեծահասակ, Ծնող ու երեխա, ու ցանկացած պահի մեր վարքը պայմանավորված է նրանով, թե դրանցից որն է արձագանքում իրավիճակին։

Չորրորդ տեղում է Ջո Նավարոյի «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքը։ Այս գրքում դուք կիմանաք, թե որ նախնադարյան բնազդներն են կառավարում մեր մարմնի լեզուն, ինչու չի կարելի վստահել մարդու դեմքի արտահայտություններին, որն է մարմնի «ամենաանկեղծ» մասը, ինչպես կարդալ դիմացինի իրական մտքերը նրա ձեռքերի, ոտքերի,  իրանի և շուրթերի միջոցով և ինչպես կիրառել այս գիտելիքները՝ ավելի վստահ ու անկեղծ տպավորություն թողնելու համար։ Գրքում ներկայացված են ոչ միայն համոզիչ օրինակներ FBI-ի գործակալի իրական պրակտիկայից, այլև առկա են հղումներ ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում ամենահայտի հետազոտողների աշխատություններին: Գրքում կգտնեք նաև պատկերներ, որոնք է՛լ ավելի ընկալելի և հետաքրքիր կդարձնեն ընթերցանությունը:

Հինգերորդ հորիզոնականում է Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը։ Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։  Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով և երբեմն անպատշաճ հումորով։

Էրիկ Բեռնի «Մարդիկ, որոնք խաղում են խաղեր» գիրքը վեցերորդ տեղում է։ Մարդկային ճակատագրերի հոգեբանություն։ «Հռչակավոր հոգեթերապևտի գլուխգործոցը… փայլուն, երբեմն նույնիսկ զարմանալի խորաթափանց մտքեր՝ մարդու վարքի մասին… Չնայած պարզ, հումորով հագեցած մոտեցմանը՝ գիրքը լի է այն նույն լրջությամբ և մարդկանց հանդեպ կարեկցանքով, որոնք «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ» գիրքը դարձրել են ժամանակակից հոգեբանության ուղենիշ»։

Հեկտոր Գարսիայի և Ֆրանսեսկ Միրալեսի «Իկիգայ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» յոթերորդ տեղում է։ «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» յուրահատուկ լրագրողական հետաքննություն-հետազոտություն է՝ պարզելու, թե որն է Ճապոնիայի Օկինավա կղզու բնակիչների երկարակեցության գաղտնիքը և ինչ է իրականում նշանակում իկիգայը: Շնորհիվ այս գրքի դուք բազմաթիվ տեղեկություններ կստանաք երկարակեցության գաղտնիքների և իրենց կյանքում թեկուզ փոքրիկ, բայց կարևոր նպատակներ ունեցող ճապոնացիների մասին: Այն կօգնի ձեզ գտնել ձեր սեփական իկիգայը ու լիցքավորվել թարմ էներգիայով՝ պատրաստ ապրելու երկար ու երջանիկ:

Ռոբին Շարմայի  «Հարստություն, որը փողով չես գնի» գիրքը ութերորդ տեղում է։ Ընթերցողի դատին է ներկայացվել աշխարհահռչակ բանախոս, մոտիվատոր, բազմաթիվ հզոր կազմակերպությունների բիզնես խորհրդատու, բազում գրքերի հեղինակ Ռոբին Շարմայի հերթական բեսթսելերը՝ «Հարստություն, որը փողով չես գնի»: Հետևելով հեղինակի «փոքրիկ» խորհուրդներին՝ քայլ առ քայլ կմոտենաք ձեր երազած՝ առողջ, երջանիկ, հարուստ, սիրով լի կյանքին: Ինչպես հեղինակն է ասում, բախտավոր չեն ծնվում, բախտավոր դառնում են: Այնպես որ... կարդացեք, երջանկացեք, հարստացեք և եղեք բախտավոր...

Բոդո Շեֆերի «Հաղթողների 30 օրենքները» գիրքը իններորդ տեղում է։ Այն կսովորեցնի  լիարժեք վերահսկողություն հաստատել սեփական կյանքի նկատմամբ, փոխել վերաբերմունքը ինքներդ ձեր և շրջապատի հանդեպ, միշտ առաջ շարժվել ու զարգանալ, հասնել ֆինանսական անկախության, լինել «արծիվ», այլ ոչ թե «բադ»:

Ադամ Գրանտի «Թաքնված ներուժ»-ը տասներորդ տեղում է։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որը կուրորեն հրապուրված է տաղանդով։ Մենք փառաբանում ենք շնորհալի աշակերտներին, բնատուր մարզիկներին, երաժիշտ հրաշամանուկներին։ Սակայն, հիանալով ի ծնե առավելություն ունեցողներով, մենք աչքաթող ենք անում այն ճանապարհը, որը կարող ենք անցնել ինքներս։ Մենք թերագնահատում ենք այն հմտությունները, որոնք կարող ենք սովորել, և այն բարձր մակարդակը, որին կարող ենք հասնել։  Մենք բոլորս կարող ենք ավելի լավը դառնալ։ Եվ երբ հնարավորությունն ինքն իրեն չի գալիս, միշտ կարելի է բացել դեպի այն տանող դուռը։ Այս գրքում Ադամ Գրանտը ներկայացնում է նոր մոտեցում՝ ձգտումները բարձրացնելու և սպասումները գերազանցելու համար։ Նա համադրել է գիտական տվյալները, անսպասելի բացահայտումները և տպավորիչ պատմությունները, որոնք կարող են մեզ լսարաններից տեղափոխել բիզնես գրասենյակներ, խաղահրապարակներից՝ օլիմպիական մարզադաշտեր, ստորգետնյա անցումներից՝ տիեզերք։ Գրանտը պատմում է, թե ինչպես է պետք բնավորության կարևոր հմտություններ ու մոտիվացիոն համակարգեր ձևավորել՝ մեր ներուժն իրացնելու համար։

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Ցանկում ներառված չեն հանրագիտարանները

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

ՏեղՓոփոխ․Գիրք ՀրատՔանակ
1Նոր

Ալեսանդրո Ալչատո,

 Հենրիխ Մխիթարյան, «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում»

Newmag708
2-1

Ռոբերտ Գրին,

 «Իշխանության 48 օրենքները»

Դավինչի307
3+1

Էրիկ Բեռն,

 «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ»

Դավինչի179
4+1

Ջո Նավարո,

«Ես կարդում եմ Ձեր մտքերը»

Դավինչի177
5*

Մարկ Մենսոն,

 «Թքած ունենալու նուրբ արվեստը»

Newmag160
6Նոր

Էրիկ Բեռն,

 «Մարդիկ, որոնք խաղում են խաղեր»

Դավինչի135
7-4

Հեկտոր Գարսիա, Ֆրանսեսկ Միրալես,

 «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը»

Դավինչի131
8-6

Ռոբին Շարմա,

 «Հարստություն, որը փողով չես գնի»

Բուկինիստ130
9-1

Բոդո Շեֆեր,

 «Հաղթողների 30 օրենքները»

Դավինչի125
10*

Ադամ Գրանտ,

 «Թաքնված ներուժ»

Դավինչի112
Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում