Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալվածներից երկուսն ազատ են արձակվել
2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի շուրջ Սուրբ Աննա եկեղեցում մարտի 29-ին տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 անձանցից 2-ն ազատ են արձակվել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 18-ամյա երկվորյակ եղբայրներից Միքայել Մինասյանն արդեն ազատության մեջ է։ Նա դուրս է եկել Քննչական կոմիտեի Երևանի քաղաքային վարչությունից և լրագրողներին հայտնել, որ իրեն լավ են վերաբերվել՝ միաժամանակ խնդրելով այլ հարցեր չտալ։
Նրա պաշտպան Վարդուհի Էլբակյանը նշել է, որ Միքայել Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։ Նրան առաջադրվել է մեղադրանք, սակայն դրա բովանդակության վերաբերյալ փաստաբանը մանրամասներ չի հայտնել՝ նախաքննության գաղտնիության պատճառով։
Վարդուհի Էլբակյանը նաև հայտնել է, որ գործով մյուս մեղադրյալը՝ Դավիթ Մինասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, նա տեղափոխվել է դատարան։
Միևնույն ժամանակ, գործով անցնող Գևորգ Գևորգյանը նույնպես ազատ է արձակվել՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է 5 մլն դրամ գրավը։
Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում Դավիթ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է իրականացվում՝ խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Միքայել Մինասյանը մեղադրվում է նշված արարքներին աջակցելու, իսկ Գևորգ Գևորգյանը՝ դրանք կազմակերպելու մեջ։
Դեպքը տեղի է ունեցել մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ավարտից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում էր դուրս գալ եկեղեցուց։ Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է երիտասարդներից մեկը փորձում ձեռքով հարվածել Նիկոլ Փաշինյանին։