«Երևանյան բեսթսելեր»․ «Վերջին ճանապարհը»՝ առաջատար. մանկական. փետրվար, 2026
7 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ փետրվարի վաճառքի տվյալների:
Հայկ Աջապահյանի «Վերջին Ճանապարհը» առաջին տեղում է։ Այս գիրքը ճանապարհորդություն է Հայոց պատմության առանցքային իրադարձություններով։ Արկածներով լի այս պատմության մեջ Անին և Դավիթը կհասնեն Արածանիի ափ և ներկա կգտնվեն հայ ժողովրդի մկրտության լուսավոր պահին, կօգնեն Վռամշապուհ արքային մարել Վաղարշապատի ավերիչ հրդեհը։ Ապա, հայտնվելով Կիլիկիայում, նրանք կծանոթանան հզոր Հեթում արքայի, Հովհաննես արքաեղբոր և նրա քաջարի մարտիկների հետ։ Նրանց մեծագույն առաքելությունը կլինի վերադարձնել Հայ ժողովրդից գողացված Գրիգոր Լուսավորչի Սուրբ աջի մասունքը։ Եվ այս ամենը մատուցված է հետաքրքիր արկածային ոճով` պահպանելով պատմական փաստերի ճշգրտությունը, մեջբերելով հատվածներ պատմական աղբյուրներից ու ձեռագրերից։
Հայկ Աջապահյանի «90-ականների Երևանը» երկրորդ տեղում է։ Ի՞նչ կլինի, եթե հանկարծ տեղափոխվես 90-ականների Երևան, տեսնես, թե ինչպիսին էին քո ծնողները, երբ քո տարիքին էին, նրանց հետ բակում գնդակ խաղաս և նույնիսկ նույն դպրոցը հաճախես։ Անին և Դավիթը Մարս մոլորակից վերադառնալիս հայտնվում են 1991 թվականի Հայաստանում։ Սակայն դա դեռ ամենը չէ։ Անցյալի ու ներկայի խաչմերուկում նրանք հանդիպում են մի առեղծվածային չար մարդու, որը նույնպես գիտի կախարդական սենյակի մասին և կարողանում է ճամփորդել ժամանակի միջով։ Բայց ինչո՞ւ է նա այնտեղ։ Ի՞նչ է նա փնտրում։ Սա մի պատմություն է այն մասին, թե ինչպես երբեմն պետք է հետ գնալ, որպեսզի ավելի լավ հասկանաս, թե ով ես դու, ինչու ես այստեղ, և ինչն է կյանքում ամենակարևորը։
Հայկ Աջապահյանի «Իշխանության 48 օրենքները» երրորդ տեղում է։ «Իշխանության 48 օրենքները» կիրառվում են առօրյա կյանքում՝ դպրոցական խաղերի, ընկերների հետ վիճաբանությունների, դասարանում գրանցած փոքրիկ հաղթանակների, տանը ծագած խնդիրների ընթացքում: Այս գիրքն օգտագործում է հենց այդ իրական պատմությունները՝ Դավիթի և Անիի կյանքից, որպեսզի երեխաները տեսնեն՝ ինչպիսի ուժ ունի ճիշտ որոշումը: Ամեն օրենք ներկայացված է պարզ, հասկանալի լեզվով, ուղեկցվում է կենդանի պատմություններով ու հետաքրքիր առաջադրանքներով: Այդպես ընթերցանությունը դառնում է ոչ թե պարտադրանք, այլ խաղ, ինքնաճանաչման միջոց:
«Լավագույն հեքիաթներ․Եդեմական ծաղիկը» գիրքը չորրորդ տեղում է։ «Եդեմական ծաղիկը» Հովհաննես Թումանյանի հեքիաթն է: Թումանյանը գրականության զարգացման հիմնական աղբյուրներ համարել է բանահյուսությունը՝ լեգենդները, առակներն ու ավանդությունները, հեքիաթները և մշակել է 2 տասնյակից ավելի հայկական ժողովրդական հեքիաթներ, փոխադրել է այլ ժողովուրդների հեքիաթներ։
«Լավագույն հեքիաթներ․ Չարի վերջը» գիրքը հինգերորդ տեղում է։ Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» հայկական դասական հեքիաթ-բալլադ է, որը պատմում է ագահ աղվեսի և խորամանկ կկվի մասին։ Այն սովորեցնում է, որ չարությունը, սուտն ու ագահությունը վաղ թե ուշ պատժվում են, իսկ արդարությունն ու խելքը հաղթում են։ Այն հասանելի է նաև մուլտֆիլմի տեսքով՝ դառնալով սիրելի ստեղծագործություն երեխաների համար։
«3D գիրք-համայնապատկեր․ Արքայադուստրեր» գիրքը վեցերորդ տեղում է։ Այն ամենայուրօրինակ գիրքն է արքայադուստրերի մասին՝ փոքրիկների համար:
Գրիմ Եղբայրների «Հենզելն ու Գրետելը» յոթերորդ հորիզոնականում է։ Պատմություն է եղբոր և քրոջ մասին, որոնց սպառնում էր մարդակեր վհուկը։ Վերջինս ապրում էր խորն անտառում՝ հացից և քաղցրավենիքներից պատրաստված տան մեջ։ Երեխաները չար վհուկից ազատվում են իրենց հնարամտության շնորհիվ։
Սոսուկե Նացուկավայի «Կատուն, որ փրկեց գրքերը» ութերորդ տեղում է։ Պատկերացրեք՝ դուք մի օր արթնանում եք և իմանում, որ ժառանգել եք մի հի՜ն բուկինիստական գրախանութ։ Ի՞նչ կանեիք․․․ Ռինտարոն, օրինակ, որոշում է փակել այն, բայց սովորական մի օր գրախանութի հին ու փոշոտ դարակներից դուրս է գալիս մի խոսող կատու՝ Վագր անունով․․․Կկարողանա՞ Ռինտարոն օգնել Վագրին փրկել գրքերը, ու՞ր կտանեն նրանց լաբիրինթոսներն ու ի՞նչ կլինի գրախանութի հետ․․․
«3D գիրք-համայնապատկեր․ Հեքիաթներ» ժողովածուն իններորդ տեղում է։ Ամենասիրելի հեքիաթները ներկայացվում են նոր, հարմար ու հետաքրքիր մատուցմամբ:
«Առակների ժողովածու»-ն տասներորդն է։ Այս առակների գրքում յուրաքանչյուր էջ իմաստուն մի դաս է բարության, ազնվության, ընկերության, խոհեմության և մնացած բոլոր կարևոր արժանիքների մասին։ Այս իմաստուն պատմությունների աշխարհում խոսում և մտածում են ոչ միայն մարդիկ, այլև կենդանիներն ու ծառերը, իսկ յուրաքանչյուր պատմություն շշնջում է՝ «Կարդա՛, մտածի՛ր և սովորի՛ր»։
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:
| Տեղ | Փոփոխ․ | Գիրք | Հրատ․ | Քանակ | |
| 1 | նոր | ![]() | Հայկ Աջապահյան, «Վերջին Ճանապարհը» | Դավինչի | 1932 |
| 2 | +2 | ![]() | Հայկ Աջապահյան, «90-ականների Երևանը» | Դավինչի | 450 |
| 3 | նոր | ![]() | Հայկ Աջապահյան, «Իշխանության 48 օրենքները» | Դավինչի | 373 |
| 4 | նոր | ![]() | «Լավագույն հեքիաթներ․ Եդեմական ծաղիկը» | Դավինչի | 198 |
| 5 | նոր | ![]() | «Լավագույն հեքիաթներ․ Չարի վերջը» | Դավինչի | 177 |
| 6 | * | ![]() | «3D գիրք-համայնապատկեր․ Արքայադուստրեր» | Բուկինիստ | 166 |
| 7 | * | ![]() | Գրիմ Եղբայրներ, «Հենզելն ու Գրետելը» | Բուկինիստ | 150 |
| 8 | * | ![]() | Սոսուկե Նացուկավա, «Կատուն, որ փրկեց գրքերը» | Դավինչի | 138 |
| 9 | * | ![]() | «3D գիրք-համայնապատկեր․ Հեքիաթներ» | Բուկինիստ | 132 |
| 10 | -4 | ![]() | «Առակների ժողովածու» | Դավինչի | 130 |









