Քաղաքականություն

Բրյուսելում հետաքրքրված են Երևանի՝ դեպի Եվրամիություն քաղաքական գծի շարունակականությամբ․բելգիացի փորձագետ

4 րոպեի ընթերցում

Բրյուսելում հետաքրքրված են Երևանի՝ դեպի Եվրամիություն քաղաքական գծի շարունակականությամբ․բելգիացի փորձագետ

Բրյուսելում Հայաստանը դիտվում է որպես ժողովրդավարական գործընկեր, իսկ ժողովրդավարության խթանումը Եվրոպական միության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է․ կարևոր է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ Հայաստանի կառավարության ընդունած որոշումները պահպանվեն։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է արտահայտել Բրյուսելում գործող վերլուծական և հասարակայնության հետ կապերի «Diplomatic World» նախագծի տնօրեն, փորձագետ Ալբերտո Տուրկստրան՝ գնահատելով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ներկա մակարդակն ու Երևանի եվրոպական հեռանկարները։  

Անդրադառնալով վերջին տարիներին Եվրոպական միության հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ Հայաստանի կառավարության վարած ակտիվ քաղաքականությանը՝ բելգիացի փորձագետը կարծիք է հայտնել, որ Բրյուսելում բավականին դրական են ընդունել Երևանի այդ վարքագիծը։  

«Բրյուսելում բավականին դրական են ընդունել Հայաստանի այս նոր ուղղությունը՝ Եվրոպական միությանն ավելի սերտ մոտենալու տեսանկյունից։ Սա ընդհանուր առմամբ նույն տրամաբանության մեջ է, ինչ մենք տեսել ենք Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի դեպքում։ Այս պահին նաև պայմանները բավականին բարենպաստ են թվում»,-շեշտել է փորձագետը։  

Նա հիշեցրել է, որ Եվրոպական միությունը փորձել է նաև միջնորդի դեր խաղալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում, երբ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը մի քանի անգամ Բրյուսելում հյուրընկալել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

«Այդ հանդիպումները, ցավոք, չտվեցին այն առաջընթացը, որը սպասվում էր։ Վերջիվերջո, որոշակի առաջընթաց գրանցվեց ԱՄՆ ներգրավմամբ՝ 2025 թվականի օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնագրով։ Այդուհանդերձ, կարծում եմ՝ սա կարևոր քայլ է դեպի տարածաշրջանային երկարատև խաղաղություն՝ ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո։ Եվ սա, բնականաբար, բխում է նաև Եվրամիության շահերից»,-ասել է Ալբերտո Տուրկստրան։

Փորձագետը մատնանշել է, որ Բրյուսելում Հայաստանը դիտվում է որպես ժողովրդավարական գործընկեր, իսկ ժողովրդավարության խթանումը ԵՄ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է։

«Մյուս կողմից, կան նաև տնտեսական և տարածաշրջանային կապերի հետ կապված հետաքրքիր հնարավորություններ։ Օրինակ՝ Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» գաղափարը բավական լավ համընկնում է Եվրամիության «Global Gateway» («Գլոբալ դարպասներ») նախաձեռնության և այսպես կոչված Միջին միջանցքի զարգացման հետ։ Բայց, իհարկե, դեռ շատ բան պետք է հստակեցվի՝ հատկապես ներդրումների և կոնկրետ ծրագրերի մասով»,-նշել է փորձագետը։

Նրա բնորոշմամբ՝ եթե ընդհանուր գնահատական տանք, ապա կարելի է ասել, որ այս պահին ԵՄ-Հայաստան հարաբերությունները բավականին ակտիվ փուլում են։

«Շփումները բարձր մակարդակի վրա են։ Սպասվում է նաև, որ այս տարի Երևանում կկայանա Հայաստան-ԵՄ առաջնորդների մակարդակով առաջին գագաթնաժողովը։ Բացի այդ, Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, ինչը նույնպես կարևոր իրադարձություն է։ Նաև պետք է նշել, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը բավականին հաճախ է լինում Բրյուսելում, ինչը ևս ցույց է տալիս հարաբերությունների ինտենսիվությունը»,-ընդգծել է Տուրկստրան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում