Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունն առաջադրվել է ՍԴ դատավորի թափուր պաշտոնում
3 րոպեի ընթերցում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունն առաջադրել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Վարդանյանը:
«Տեղեկացնում, որ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից իմ թեկնածությունն առաջադրվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում։
Շնորհակալություն եմ հայտնում նման բարձր վստահության համար։
Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը և΄ պատվաբեր, և΄ չափազանց պատասխանատու է, այդ իսկ պատճառով նման որոշման կայացումը իմ կյանքի ամենահեշտ որոշումներից չի եղել։ Բարձր առաջարկին համաձայնվել եմ այն գիտակցությամբ, որ թե΄ մասնագիտական և թե΄ ակադեմիական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքներս պետք է առավել արդյունավետ ծառայեցնել մեր երկրի ժողովրդավարական արժեքների պահպանման և զարգացման գործին»,-գրել է Վարդանյանը:
Նա նշել է, որ մասնագիտական աշխատանքը սկսել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում։ Ծառայության առավել քան 15 տարիների ընթացքում անցել է ճանապարհ՝ գլխավոր մասնագետից մինչ աշխատակազմի ղեկավար։
«2019թ․ սկսած՝ ձեր կողմից տրված քվեով պատգամավոր ընտրվելուց և 2021թ․ վերընտրվելուց հետո, իրականացրել եմ օրենսդիր գործունեություն՝ զբաղեցնելով Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Վստահ եմ՝ հնարավորություն ունեցել եք հետևելու թե΄ իմ ելույթներին, թե΄ իմ գործունեությանը, որի առանցքում մշտապես գտնվել և գտնվելու են սահմանադրականության, իրավունքի գերակայության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության արժեքները։ Հավատացնում եմ ձեզ, որ նշված արժեքներով առաջնորդվելու եմ նաև Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու պարագայում»,-ընդգծել է պատգամավորը:
Նա նաև տեղեկացրել է, որ, առաջնորդվելով ՀՀ օրենսդրությամբ դադարեցրել է անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, և Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում դադարեցնելու է նաև խորհրդարանական գործունեությունը։
Վարդանյանը վստահեցրել է, որ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու պարագայում կլինի անկախ, անաչառ, զերծ որևէ ազդեցությունից ու քաղաքական որևէ նախասիրությունից՝ առաջնորդվելով բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և ապահովելով Սահմանադրության գերակայությունը։