Քաղաքականություն

ՀՀ քաղաքացիների համար առանց վիզայի ԵՄ ճանապարհորդելն առաջիկա տարիներին իրատեսական հեռանկար է. Բրուններ

3 րոպեի ընթերցում

ՀՀ քաղաքացիների համար առանց վիզայի ԵՄ ճանապարհորդելն առաջիկա տարիներին իրատեսական հեռանկար է. Բրուններ

Վիզաների ազատականացումը Հայաստան-ԵՄ գործընկերության կարևոր բաղադրիչներից է։ Այս մասին հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում՝ ընդգծելով, որ դա կհեշտացնի ճանապարհորդությունը աշխատանքի, ուսման և զբոսաշրջության նպատակներով, որն էլ իր հերթին կնպաստի համագործակցության խորացմանը և մարդկանց միջև կապերի ընդլայնմանը:

«Անցյալ տարվա նոյեմբերին մենք փոխանցեցինք Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, և այն ժամանակից ի վեր արձանագրվել է կայուն առաջընթաց, հատկապես փաստաթղթերի անվտանգության և միգրացիայի կառավարման ոլորտներում։ Կենսաչափական նույնականացման փաստաթղթերի ներդրումը կարևոր քայլ է, և ինչպես հասկանում եմ, այն շուտով կգործարկվի: Բարեփոխումները շարունակվում են նաև ապաստանի, ինչպես նաև կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններով՝ ԵՄ գործընկերների և այնպիսի գործակալությունների աջակցությամբ, ինչպիսիք են Europol-ը և Frontex-ը»,-նշեց ԵՄ հանձնակատարը:  

Վիզաների ազատականացումը չափանիշների վրա հիմնված գործընթաց է, ուստի գործողությունների ծրագրում նշված բոլոր պահանջները պետք է կատարվեն մինչև վերջնական որոշման ընդունումը՝ ոչ միայն ԵՄ-ի, այլ առաջին հերթին՝ Հայաստանի ժողովրդի շահերից ելնելով։ Առաջընթացի առաջին զեկույցը կներկայացվի 2026 թվականի մայիսին նախատեսված Հայաստան-ԵՄ գագաթնաժողովում։

«Եթե բարեփոխումների այս տեմպը պահպանվի, առաջիկա տարիներին առանց վիզայի ճանապարհորդելն իրատեսական հեռանկար է։ Դա նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի քաղաքացիների համար կրթության, բիզնեսի, զբոսաշրջության և մշակութային փոխանակումների ոլորտներում և էլ ավելի կամրապնդի կապերը Հայաստանի և Եվրոպական միության միջև»,-հայտարարեց Մագնուս Բրունները:

Նա Հայաստան է ժամանել մարտի 12-ին: Հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ, մասնակցել «Վիզաների ազատականացման ուղին. ԵՄ-Հայաստան համագործակցության ամրապնդումը վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման շրջանակում» խորագրով քննարկմանը

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում