Հայաստան

ԵՄ հանձնակատարը դրական է գնահատում Հայաստանի արդյունքները ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում

2 րոպեի ընթերցում

ԵՄ հանձնակատարը դրական է գնահատում Հայաստանի արդյունքները ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում

ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուները դրական է գնահատում Հայաստանի գրանցած արդյունքները ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մագնուս Բրուները հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Ես այսօր հանդիպումներ ունեցա Հայաստանի ներքին գործերի նախարարի և փոխվարչապետի հետ՝ քննարկելով հրաշալի առաջընթացը, որ Հայաստանը գրանցել է վիզաների ազատականացման գործընթացի ուղղությամբ։ Դա շատ կարևոր է․ 2024 թվականից ի վեր, ինչ մեկնարկել է երկխոսությունը, առաջընթացը շատ կայուն է, իսկ  ԵՄ-ն 2025 թվականի նոյեմբերին արդեն Հայաստանին է փոխանցել վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Շատ կարևոր առաջընթաց է կատարվել փաստաթղթերի պաշտպանվածության, միգրացիայի կառավարման, բիոմետրիկ նույնականացման անձնագրերի ու նույնականացման քարտերի հետ կապված, որոնք Հայաստանի քաղաքացիները շուտով կկարողանան ստանալ»,-ասաց ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարը՝ հավելելով, որ իր այցի նպատակներից է նաև խրախուսել Հայաստանի կողմից այս բարեփոխումների շարունակականությունը։

Բրուների տեղեկատվությամբ՝ գործընթացի հաջորդ փուլը կլինի վիզաների ազատականացման երկխոսության գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի վերաբերյալ զեկույցը, որը նախատեսվում է տրամադրել ընթացիկ տարվա մայիսին՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի շրջանակներում։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում